Մատչելիության հղումներ

Յասին Հայալը սպառնում է Օրհան Փամուքին


Թուրք ազգայնական Յասին Հայալը, որը խոստովանել էր, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը Օգյուն Սամասթի կողմից, այսօր սպառնալիքներ է ուղղել առաջադեմ թուրք գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքին:

«Օրհան Փամուքը թող խելքը գլուխը հավաքի», - թղթակիցների ուղղությամբ բղավել է Հայալը, երբ նրան դատարան էին տեղափոխում մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոց ընտրելու համար:

Այսօր դատարան են տարել նաեւ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալ Սամասթին: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, նրա փոխադրումն ուղեկցվել է անվտանգության խիստ միջոցառումներով:

Հրանտ Դինքը սպանվել է ուրբաթ օրը՝ «Ակոս»-ի խմբագրատան առջեւ: Հաջորդ օրը ձերբակալված 17-ամյա տրապիզոնցի գործազուրկ Օգյուն Սամասթը խոստովանել է, որ ինքն է սպանել Դինքին: Իսկ Հայալը, իր հերթին, հայտնել է, որ Սամասթին զենք եւ փող է տվել՝ Դինքի սպանության համար:

Ինչպես Դինքին, այնպես էլ Փամուքին թուրք ազգայնականները պիտակավորում էին «դավաճան», եւ երկուսի նկատմամբ էլ դատական գործ էր հարուցված «թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածով:

CNN Turk-ի հաղորդման համաձայն, Դինքի սպանությունից հետո Փամուքին հատուկ թիկնազոր է հատկացվել:

26-ամյա Հայալը նախկինում 11 ամսվա ազատազրկման էր դատապարտվել՝ Տրապիզոնում McDonalds ռեստորանի ռմբահարման գործով:

Բացի Սամասթից եւ Հայալից՝ այսօր դատարանը որոշելու է գործում ներգրավված եւս երեք անձանց մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոց սահմանելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG