Մատչելիության հղումներ

Stratfor. «Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական կարգավորումը մոտ ապագայում քիչ հավանական է»


Stratfor ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագետները գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական կարգավորումը մոտ ապագայում քիչ հավանական է:

«Ադրբեջանը էապես ավելացրել է էներգետիկ նախագծերից ստացվող իր եկամուտները եւ խոստացել է 2007 թվականին պաշտպանության համար ծախսել 1 միլիարդ դոլար՝ 2006 թվականի 700 միլիոնի փոխարեն: Թեեւ Ադրբեջանի բանակը զիջում էր Հայաստանի զինված ուժերին, սպառազինության մրցավազքը կարող է ահագնացնել առճակատումը հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի շուրջ», ֊- ասված է 2007 թվականի կանխատեսումների մեջ, որոնք երեկ հրապարակել է Stratfor-֊ը:

Վերլուծականի հեղինակները նաեւ գտնում են, որ «ինչպես եւ Վրաստանի անջատողական շրջանների դեպքում, Կոսովոյի կարգավիճակի հստակեցումը կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության սաստկացման»:

«ՄԱԿ֊-ը գրեթե հաստատ անկախություն կշնորհի Կոսովոյին, դա կդրդի Ռուսաստանին նույնը պահանջել իր սահմաններից դուրս գտնվող անջատողական տարածքների համար: Ռուսաստանը ձգտելու է մեծացնել իր ներկայությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում՝ խաղաղապահ գործողությունների անվան տակ, Վրաստանը համարժեք կերպով պատասխանելու է: Հաշվի առնելով Մոսկվայի եւ Թբիլիսիի լարված հարաբերությունները, հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի նման մի բանի»,֊ - նշում են ամերիկացի վերլուծաբանները:

Ամփոփելով այս ամենը, Stratfor-֊ի մասնագետները եզրակացնում են, որ 2007 թվականին «լարվածությունը Հարավային Կովկասում աճելու է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG