Մատչելիության հղումներ

Փարիզում կայացել է հավաք` ընդդեմ ժխտողականության


Ֆրանսիայի հայկական միությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը Փարիզում մեծ հավաք է կայացել, որին մասնակցել են ժխտողականության համար քրեական պատասխանատվություն սահմանելու օգտին հանդես եկող քաղաքական գործիչներ եւ մտավորականներ՝ մոտ 2 հազար մարդ:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, ելույթ ունեցողները արտահայտվել են ժխտողականության դեմ միասնական պայքարի եւ ցեղասպանությունից տուժածների հետ համերաշխության օգտին: Նրանք ընդգծել են հատկապես հայերի եւ հրեաների ցեղասպանությունների նմանությունը, ինչպես նաեւ դրանց ուրացման ընդհանրությունը:

Ֆրանսիայի հրեական համայնքը ներկայացնող Սերժ Կլարսֆելդը հավաստիացրել է, որ համայնքի ներկայացուցիչները սատարելու են հայերին Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանելու՝ Սենատին ուղղված կոչերում:

Հայտնի իրավաբան Մե Շարիե-Բուրնազելը հայտարարել է, որ «ժխտողականությունը ցեղասպանության հանցագործության շարունակությունն է սերնդե-սերունդ»:

Ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական միությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսիս Գովչիյանը, խորհրդի ներկայացուցիչներ Արա Թորանյանը եւ Արա Գրիգորյանը:

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության եւ նախագահական ընտրություններում սոցիալիստների թեկնածու Սեգոլեն Ռուայալի անունից ելույթ է ունեցել Ֆրանսուա Հոլանդը:

«Ժողովրդական շարժում միություն» կուսակցության ներկայացուցիչ Պատրիկ Դեւեջյանն ընդգծել է, որ «Թուրքիայի ժխտողականությունն է, որ Ֆրանսիայում հետապնդելու է Ֆրանսիայի քաղաքացիներին, այլ ոչ հակառակը»:

Հավաքը եզրափակվել է հատուկ իր աջակցությունը հայտնելու համար ժամանած Շառլ Ազնավուրի խոսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG