Մատչելիության հղումներ

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարածաշրջանում զարգացման եւ կայունության հող կստեղծի»


«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի իրականացումը տարածաշրջանում անշեղ զարգացման, կայունության եւ բարեկեցության հող կստեղծի», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը համոզմունք է հայտնում, թե նոր երկաթուղին կծառայի տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի զարգացմանը՝ ուղղված եվրասիական տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում անշեղ զարգացմանը եւ անվտանգությանը, տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում համագործակցության ընդլայնմանը:

«Ադրբեջանի արտաքին քաղաքականության հերթական հաջող քայլը հանդիսացող տվյալ նախագծի իրականացումը կնպաստի Ադրբեջանի տարածքով Վրաստանի եւ Թուրքիայի ապրանքների տարանցման աճին, Կասպիական տարածաշրջանի եւ Եվրոպայի միջեւ ուղղակի տրանսպորտային կապերի ստեղծմանը, Եվրամիության Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցության զարգացմանը, տարածաշրջանի պետությունների անկախության եւ ինքնիշխանության ամրապնդմանը, Ադրբեջանի եւ տարածաշրջանի երկրների արտաքին տնտեսական կապերի արդյունավետության բարձրացմանը», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Միաժամանակ, «Կովկասպրես» գործակալության վկայությամբ, Վրաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության համաձայնագրին:

Վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ հինգշաբթի օրը Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կվերսկսեն նախագծի շուրջ բանակցությունները, իսկ համաձայնագրի վերջնական տարբերակը կստորագրվի ամենամոտ ապագայում:

Ըստ վրաց վարչապետի, նախագծի իրականացումը կսկսվի այս տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG