Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենը Հայաստանի ղեկավարության հետ քննարկեց գալիք ընտրություններին առնչվող հարցեր


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Քրիստիան Շտրոհալը այսօր ավարտեց իր երկօրյա այցը Հայաստան` հանդիպումներ ունենալով նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկված հիմնական հարցերը առնչվում էին օրենսդրական եւ ընտրական գործընթացներին, գալիք խորհրդարանական ընտրություններին:

Օրվա առաջին կեսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հետ հանդիպումից հետո Շտրոհալը պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Հարցին, թե արդյո՞ք իր կարծիքով Հայաստանը պատրաստ է արդար ընտրություններ անցկացնելուն, ԵԱՀԿ պաշտոնյան արձագանքեց. - «Կարծում եմ, պատրաստ է Հայաստանը, բայց, իհարկե, ամեն ինչ ավելի պարզ կլինի ընտրություններից հետո միայն»:

Հայաստանի իշխանությունները դեռ հրավեր չեն ուղարկել ԵԱՀԿ` դիտորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով: Պաշտոնական աղբյուրների վկայությամբ, հրավերն ուղարկվելու է, երբ պաշտոնապես կհրապարակվի խորհրդարանական ընտրությունների օրը: Այսօր Շտրոհալի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ասել է, որ նախագահ Քոչարյանը փետրվարի սկզբին կնշանակի ընտրությունների օրը, եւ դրանից հետո դիտորդական առաքելության հրավերներ կուղարկվեն գործընկեր միջազգային կազմակերպություններին:

Հարցին, թե կբավարարի արդյո՞ք ժամկետը մինչեւ ընտրությունները դիտորդական առաքելություն իրականացնելու համար, Քրիստիան Շտրոհալը պատասխանեց. - «Անշուշտ: Բավարար ժամանակ կա: Որքան ես գիտեմ ընտրությունները մայիսին են, իսկ այսօր դեռեւս հունվարն է»:

Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դիտորդական առաքելության հրավերը կլինի եւ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ: Դրանից առաջ կգա կարիքների գնահատման խումբը, կհանդիպի բոլոր քաղաքական ուժերի հետ»:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանի կարծիքով, սակայն, դիտորդական առաքելություն պետք էր հրավիրել արդեն անցած ամիս: Իսկ հիմա երկարաժամկետ դիտորդական առաքելությունը, ըստ Հարությունյանի, կարող է իրականացվել առավելագույնը երկու ամսվա ընթացքում. - «Իսկ այսօրվա իրողություններում ավելի ճիշտ կլինի, որ ավելի երկարաժամկետ լինի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG