Մատչելիության հղումներ

Վաղը ամերիկյան Կոնգրեսում ցուցադրվելու է «Ճչացողները» ֆիլմը


Վաղը ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում ցուցադրվելու է «Ճչացողները» (Screamers) փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների մասին, այն գործիչների մասին, ովքեր պայքարել եւ պայքարում են դրանց դեմ, մասնավորապես, System of a Down ռոք խմբի գործունեության մասին:

Ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում կարեւորեց կինոնկարի ցուցադրումը Կոնգրեսում, քանի որ Հայոց ցեղասպանության բանաձեւը կրկին շրջանառության մեջ է դրվում կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից:

«Այս պահին մենք շատ ուժեղ ճնշում պետք է բանեցնենք Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի նկատմամբ, որպեսզի նա թույլ տա քվեարկություն լիագումար նիստում», - ընդգծեց ռեժիսորը: - «Որքան էլ նա լինի հայանպաստ գործիչ, այս պաշտոնում ճնշումները շատ են, ու հարկավոր է չմոռանալ մեր ճնշումը բանեցնելու մասին»:

Նա հայտնեց նաեւ, որ ֆիլմը հունվարի 26-ին կբարձրանա Ամերիկայի բոլոր քաղաքների կինոէկրաններին, մարտ-ապրիլ ամիսներին կտարածվի աշխարհի մյուս երկրներում, իսկ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հավանաբար, կցուցադրվի Հայաստանում:

Ներկայացնելով ֆիլմի ստեղծման նախապատմությունը՝ Կարլա Կարապետյանն ասաց. - «Երբ 2004 թվականին հրավիրեցին մասնակցելու Հոլիվուդում System of a Down-ի համերգին, տեսա, թե Հայոց ցեղասպանության մասին բրոշյուրներ բաժանող ոչ հայ երիտասարդները որքան բան գիտեին Հայոց ցեղասպանության մասին, հասկացա, թե ինչ մեծ դեր է նման համերգներով կատարում System of a Down-ը: Այդ պահին էր, որ որոշեցի ֆիլմ նկարահանել նրանց մասին, նրանց այս գործունեության, այս արշավի մասին»:

«Ճչացողները» այն գործիչների մասին է, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ բոլոր ցեղասպանությունների՝ սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ Դարֆուրի ցեղասպանությունը», - ասաց ռեժիսորը՝ կոչ անելով բոլորին գնալ ու դիտել ֆիլմը, քանի որ «յուրաքանչյուր ոք, ով դիտում է այն, իր կողմից մի ուղերձ է հղում ԱՄՆ-ի կառավարությանը, որ մարդիկ հիշում են ցեղասպանություններն ու պահանջում, որ դրանց վերջ տրվի»:

Այն հարցին, թե որքա՞ն էր ֆիլմի բյուջեն, Կարլա Կարապետյանը պատասխանեց. - «Պատկառելի գումար»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG