Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ վաղը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում կսկսվի «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դատավարությունը: «Թե ի՞նչ ելք կարող է ունենալ այն, թղթակցի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դժվարացավ ասել, առավել եւս նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր դատարաններում անմեղ մարդիկ կարող են նույնիսկ ցմահ ազատազրկման դատապարտվել: Այդուամենայնիվ, նա կարծիք հայտնեց, որ հետագա զարգացումները կախված են այն բանից, թե պատվերն ինչպիսին է: Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, Գագիկ Շամշյանի դատավարության հիմնական նպատակը ընդդիմադիր լրագրողներին վախեցնելն ու զսպելն է, այն էլ՝ երկրում սկսված նախընտրական շրջանում», - գրում է թերթը:

«Իրավունք»-ի տեղեկություններով, մի շարք կուսակցություններ պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ, ըստ որի՝ իրենք չեն մասնակցելու ընտրություններին եւ կոչ են անելու կուսակիցներին իրենց ձայնը տալ Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությանը: Լուրի առնչությամբ թերթի հարցմանն ի պատասխան՝ «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղալեչյանը ասել է. - «Մենք ակտիվորեն շփվում ենք ընդդիմադիր դաշտի բավականին լայն հատվածի հետ, եւ, իրոք, հնարավոր է, որ այն կուսակցությունները, որոնք ընդունում են մեր ծրագրային մոտեցումները եւ քաղաքական համակարգի բարեփոխման մեր մոդելը, միավորվեն մեզ հետ»:

Ընդգծելով բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը` «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն այսօր շեշտադրել է.- «Մեր երկրում անվտանգության մասին պատկերացումները շատ քիչ են տարբերվում միջնադարյանից, որտեղ անվտանգության հիմնական երաշխիք համարվում էր ռազմական ուժը։ Այս պատկերացումը մեզ միանշանակ ծնկի է բերում Ռուսաստանի առաջ, որից մենք անընդհատ ռազմական տեխնիկա ենք վերցնում՝ մեր զորահանդեսներին ցույց տալու համար: Այս ճանապարհը, իհարկե, իր տրամաբանությունն ունի, բայց, մյուս կողմից՝ խիստ հնացած է, որովհետեւ եթե անգամ նույն ընթացքը շարունակենք, ապա այս տեմպերով մենք տեսանելի ապագայում չենք կարողանա ստեղծել Իրանի կամ Թուրքիայի բանակների հետ համեմատելի բանակներ։ Ադրբեջանը իր ռազմական ծախսերը աճեցնելու հնարավորություն ունի, եւ Վրաստանն էլ դանդաղ, բայց հաստատուն քայլերով մտնում է հակահայկական կոնտեքստի մեջ»։

«Չորորդ իշխանություն» թերթը, գրելով, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունները կեղծելու նոր մեխանիզմ է մշակվել, մանրամասնել է. - «Իշխանությունները կարծես թե գտել են ձեւը։ Որոշել են ընտրությունների «փաստաթղթային մասը» պատրաստել նախապես, իսկ ընտրությունների օրը պարզապես թատրոն խաղալ՝ ազնիվ-ժպտադեմ-բարի հանձնաժողովականներով ու քվեարկության օրինակելի գործընթացով»։ «Իսկ մինչ այդ», - փոխանցել է թերթը, - «այս կամ այն իշխանական կուսակցության ակտիվիստները դռնեդուռ ընկած, մարդկանց անձնագրերն են հավաքում, որպեսզի պատճենահանվեն ընտրողների անձնագրային տվյալները, եւ, որ ամենակարեւորն է՝ ստորագրությունները։ Ունենալով այդ ամենը, իշխանությունները, ըստ թերթի մեկնաբանի, կկարողանան նախապես կազմել տեղամասային ամփոփիչ արձանագրությունները։ «Մնացածն ինչպես ասում են, տեխնիկայի գործ է», - եզրակացրել է մեկնաբանը։

Անդրադառնալով «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի հնչեցրած մեղադրանքներին, թե Սերժ Սարգսյանի եղբայրը իբր մահափորձ է կազմակերպել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը բացահայտվել է, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր գնահատել է.- «Ակնհայտ է, որ փրկիչն իր այս նամշակալած նաղլը վերաշարադրել էր մեկ նպատակով, որպեսզի նախընտրական տուրնեի շրջանակներում մարզեր մեկնելուց առաջ ռանչպարներին տեղեկացնի իշխանությունների կողմից իր դեմ ծրագրված հերթական նենգ ու ստոր քայլերի ու սադրանքների մասին, ինչը ինքը հերոսաբար հասցրել է ժամանակին վիժեցնել։ Այն է՝ բացահայտել ու ձախողել «դավադրությունը»։ Հայ ժողովրդին ուղղված «Ազգային միաբանության» դիմումի մեխը հենց դա էր»։

«Հայկական ժամանակ»-ին «լավատեղյակ աղբյուրներից» հայտնի է դարձել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 9-րդ անդամի պաշտոնում նշանակվելու է արդարադատության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Աբովյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG