Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյան. «Բարգավաճ Հայաստան»-ը ստեղծվել է ի հակակշիռ Սերժ Սարգսյանին


Երկուշաբթի օրը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծել է առաջիկա ընտրություններից հետո իր եւ իր մերձավորների անվտանգությունն ապահովելու համար՝ այդ կերպ հակակշիռ ստեղծելով պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին` թույլ չտալով, որպեսզի նա դառնա Հայաստանի նախագահ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է մի իրավիճակում, երբ Գագիկ Ծառուկյանին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի հարազատների կողմից սպանություն է պատրաստվում. քիլեր էր վարձվել, որ սպաներ Գագիկ Ծառուկյանին», - հայտարարեց Գեղամյանը: - «Այդ գործը բացահայտվել էր: Համենայն դեպս, համառորեն այդ լուրերը գնում էին: Այդ ամենի մասին տեղեկացվել էր պարոն [Ռոբերտ] Քոչարյանը: Երբ տեղեկացվել էր պարոն Քոչարյանը, առերեսում էր տեղի ունեցել, որի արդյունքում հանգստի, թոշակի գնաց Կառլոս Պետրոսյանը [Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը]: Որի արդյունքում շինարարական իր բիզնեսը Սաշիկ Սարգսյանը [Սերժ Սարգսյանի եղբայրը, Ազգային ժողովի պատգամավոր] սկսեց իրականացնել արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում»:

«Եվ, բնականաբար, մարդիկ գիտակցեցին, թե ինչ ահավոր իրավիճակ կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, եթե, Աստված մի արասցե, հանկարծ Սերժ Սարգսյանը դառնա երկրի նախագահ», - շարունակեց ընդդիմադիր գործիչը: - «Ահա սա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման պայմանը»:

Եվ հետեւաբար, ըստ Արտաշես Գեղամյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը ոչ մի պարագայում չի պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG