Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարկային եւ մաքսային ծառայությունների հետ Ռոբերտ Քոչարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը՝ «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Վահագն Խաչատրյանը ասել է. - «Խորհրդակցությանը հրավիրել էին ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին, թեեւ կարող էր անհասկանալի թվալ` նրա՞նք ինչ անելիք ունեն այս ոլորտում: Բայց առավել զարմանալի է, որ պաշտպանության նախարարին էլ չէին հրավիրել: Այդ երեքն են որոշողը՝ մնացածը դեր չեն խաղում: Եվ նշանակություն չունի՝ ֆինանսների նախարարությունը քաղաքականություն կմշակի՞, թե՞ չի մշակի, կամ մեկ ուրիշն ինչ աշխատանքներ կկատարի»:

«Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները, գրում է, թե Գիտությունների ազգային ակադեմիայի բարձրաստիճան ղեկավարներից մեկը 1960-ականների սկզբին հավաքագրվել է ԿԳԲ-ի կողմից եւ որպես գործակալ գործել է «Տիգրանյան» ծածկանունով: «ԿԳԲ-ի Էվոյան ազգանունով աշխատակցի կողմից հավաքագրված Տիգրանյանը պատմական իմաստով բավական արժեքավոր դանոսներ է հասցրել իր ղեկավարությանը», - գրում է թերթը եւ նկատում. - «Այդ տեղեկատվությունը ՀՀ իշխանությունները կարող են օգտագործել նաեւ ներքաղաքական նպատակներով»:

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն այսօր շեշտադրել է. - «Ղարաբաղյան բանակցությունների եւ ընտրական պրոցեսի անհամատեղելիության մասին Քոչարյանի հայտարարությունը ոմանց ստիպեց մտածել, որ Քոչարյանը արդեն գերտերությունների հետ համաձայնություն է ձեռքբերել բանակցությունները շարունակել իշխանության «վերարտադրության» օպերացիան ավարտելուց հետո։ Եվ ահա Բրայզայի նախօրեի հայտարարությունը այս իմաստով որոշակի սրբագրումների կարիք է առաջացնում եւ ստիպում է մտածել, որ կա՛մ Քոչարյանի հայտարարությունները չեն մտնում Արեւմուտքի հետ նրա ձեռքբերած պայմանավորվածությունների մեջ, կա’մ էլ Արեւմուտքը որոշել է որոշակիորեն սրբագրել արդեն իսկ գոյություն ունեցող սցենարը»։ Ամեն դեպքում, ըստ խմբագրականի, «Բրայզայի հայտարարությունը ոչ թե նշանակում է, որ Ղարաբաղի հարցը կլուծվի կամ Ղարաբաղի հարցը չի լուծվի, այլ ընդամենը ազդակ է այն մասին, որ Արեւմուտքը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հարցը ներքաղաքական օրակարգում թողնել անգամ Քոչարյանի համար գերլարված այս ժամանակահատվածում»։

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փաստելով, որ ներկայում «ողջ թափով ընթանում են կուսակցական ցուցակների կազմման ու համաձայնեցման» աշխատանքները` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր նկատել է. - «Որ պատգամավորական տեղերը մեզանում գնվում ու վաճառվում են, ոչ մեկի համար գաղտնիք չէ, ըստ որում՝ մանդատի գինը մշտապես աճում է։ Կուսակցությունները աստիճանաբար դառնում են մոնոպոլիստներ, եւ շուկայական տնտեսության բոլոր օրենքների համաձայն պատգամավորական մանդատի գինը պետք է աճի», - փաստել է խմբագրականը։

Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթին տված հարցազրույցում ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը կարծիք է հայտնել, թե «ընտրությունները կեղծելու տերմինը շրջանառության մեջ սովորաբար դրվում է այն ուժերի կամ անհատների կողմից, որոնք ըստ էության մտածում են, որ իրենք կարող է եւ չհաղթահարեն համապատասխան նշաձողը»։ «Եվ որպեսզի բացատրեն իրենց պարտությունը, ընտրում են նման մարտավարություն», - բխեցրել է հանրապետական պատգամավորը։

«Մուծվելու են բոլորը» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթն այսօր փոխանցել է, թե 2007 թվականի «գլխից դուրս մեծ բյուջեի եկամտային մասի ողջ ծանրությունն էլի երկրի շարքային քաղաքացիների ուսին է դրվելու». - «Բայց ինչպե՞ս։ Շատ պարզ. պետք է ավելի ինտենսիվորեն թալանել օտարերկրյա տրանսֆերտներով ապրողներին», - գրել է թերթն ու բացատրել. - «Ստեղծվել է մի վիճակ, երբ դոլարի փոխարժեքն ու ապրանքների գները համեմատաբար կայուն են։ Այս իրավիճակում, երբ Կենտրոնական բանկը ոչինչ չի ձեռնարկում, բնականաբար, դոլարի փոխարժեքը կամաց-կամաց բարձրանում է։ Եվ ինչ-որ պահից դա ազդում է նաեւ գների վրա՝ եւ գները նույնպես աճում են։ Այ հենց այդ ժամանակ էլ Կենտրոնական բանկը մի հարվածով նորից իջեցնում է դոլարի փոխարժեքը, իսկ գները չեն իջնում։ Այսինքն, օլիգարխների գերշահույթները նորից սկսեցին թռիչքաձեւ աճել։ Այնքան թռիչքաձեւ, որ մի մասը կարելի է որպես հարկ պետբյուջե մուծել։ Հասկանալի է՝ շարքային քաղաքացիների հաշվին»։

«Հայք» թերթի խմբագրականը, փոխանցելով, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի անմիջական վերահսկողության տակ գործող կազմակերպությունը դարձել է «Տոյոտա» ճապոնական կոնցեռնի պաշտոնական դիստրիբյուտերը Հայաստանում, հավելել է. - «Սեդրակ Քոչարյանի վերահսկողությամբ գործող ֆիրմաներից մեկն էլ գերիշխող դիրք է զբաղեցնում Հայաստանի բջջային հեռախոսների շուկայում։ Այդ ֆիրման, ըստ հրապարակման, խուսափում է հարկային ու մաքսային պարտավորություններից։ Ավելին, բջջային հեռախոսներ ներկրող մյուս ֆիրմաները, չգիտես ինչու, հարկ են համարում իրենց գործունեության մանրամասների մասին պարբերաբար տեղեկացնել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն»։ Սա, ըստ թերթի, «հիմք է տալիս ենթադրել, որ նույնը կկատարվի ավտոմեքենաներ ներկրողների հետ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG