Մատչելիության հղումներ

Սերբական «Զաստավա»-ն Հայաստան զենք արտահանելու իրավունք է ստացել


Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հարավսլավոնական լեզուներ ծառայությունը, սերբական «Զաստավա» ընկերությունը չորեքշաբթի օրը ստացել է Հայաստան զենք արտահանելու թույլտվություն:

Կրագուեւաց քաղաքում գտնվող «Զաստավա» գործարանի կառավարիչ Դրագոլյուբ Գրույովիչը հայտնել է, որ գործարքի արժեքը 1 միլիոն 750 հազար դոլար է:

Գրույովիչը հավելել է, թե իրենք ակնկալում են ստանալ եւս մեկ թույլտվություն` 900 հազար դոլար արժողությամբ հաջորդ գործարքի համար:

Սերբիայի արտգործնախարար Վուկ Դրաժկովիչը Բելգրադում լույս տեսնող «Վեչերնիե նովոստի» թերթին տված հարցազրույցում քննադատել էր Հայաստանին զենքի վաճառքի գործարքը:

«Արտգործնախարարությունը զենքի արտահանման թույլտվություն չի տալիս՝ դա Սերբիայի կառավարության գործն է: Մենք միայն քաղաքական կարծիք ենք տրամադրում, եւ այդ կարծիքը չի փոխվել», - ասել էր նա: - «Մենք երկար ժամանակ հայտարարում էինք, որ ԵԱՀԿ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի արգելք է սահմանել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»:

Նա, այդուհանդերձ, նշել էր, թե կառավարության հավանության դեպքում Հայաստանին զենքի վաճառքը կարող է կայանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG