Մատչելիության հղումներ

Հունվարին Ներկայացուցիչների պալատին կներկայացվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ


Այս ամիս ավելի ուշ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ հանձնախմբի անդամներ Ջորջ Ռադանովիչը եւ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատին կներկայացնեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Այս տարի բանաձեւի ընդունման հավանականությունը, անշուշտ, ավելի մեծ է, քան եղել է վերջին մի քանի տարիներին», - ընդգծեց Բրայան Արդունին:

Ամերիկահայերը համոզված են, որ Պալատի նոր՝ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ղեկավարությունը չի ձգտի տապալել բանաձեւի ընդունումը:

Ակնկալվում է, որ բանաձեւի բովանդակությունը նման կլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու օրինագծերին, որոնց 2005 թվականի սեպտեմբերին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը եւ որոնց քվեարկությունը Պալատի լիագումար նիստում կասեցվեց Սպիտակ տան եւ Կոնգրեսի հանրապետական մեծամասնության ջանքերով:

Բրայան Արդունին ընդգծեց, որ, ի տարբերություն նախորդ օրինագծերի՝ նոր նախագիծը պարզապես «Պալատի բանաձեւ» է, եւ դրա համար պետք չեն լինելու Սենատի հավանությունը եւ երկրի նախագահի ստորագրությունը:

Այնուհանդերձ, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենը վստահ է, որ Կոնգրեսի ստորին պալատի կողմից բանաձեւի ընդունումը կնշանակի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում. - «Ցեղասպանության ճանաչումը Կոնգրեսի կողմից ես, անկասկած, կհամարեի պաշտոնական ճանաչում»:

Ներկայացուցիչների պալատին մոտ ապագայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ներկայացնելու իր մտադրության մասին օրերս հայտարարել էր նաեւ Ադամ Շիֆը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

(Լուսանկարում` Բրայան Արդունին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG