Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը այսօր կհրապարակի իրաքյան նոր ռազմավարությունը


Այսօր երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կհրապարակի Իրաքի հարցում ամերիկյան կառավարության նոր ռազմավարության մանրամասները:

Երկուշաբթի օրը Բուշը Սպիտակ տուն էր հրավիրել առավել աչքի ընկնող հանրապետական կոնգրեսականներից մի քանիսին եւ ընդհանուր ուրվագծերով ներկայացրել այսօր հրապարակվելիք ծրագիրը:

Տեղեկատվության արտահոսքից պարզ դարձավ, որ Բուշն առաջարկելու է ամրապնդել ամերիկյան ռազմական ներկայությունը Իրաքում՝ եւս 20 հազար զինվորական ուղարկել Իրաք, նոր ստորաբաժանումները տեղակայելով երկրի առավել անհանգիստ գոտիներում` Բաղդադում եւ սունիներով բնակեցված Անբար գավառում:

Կոնգրեսի լիակատար վերահսկողությունը ստանձնած դեմոկրատները, սակայն, խոստանում են թույլ չտալ նոր ստորաբաժանումների մեկնումը Իրաք:

Դեմոկրատ սենատոր Էդուարդ Քենեդին երեկ բավական խիստ քննադատության է ենթարկել նախագահին` նշելով, թե ամերիկյան զորքերին աջակցելու լավագույն ձեւը ոչ թե Մերձավոր Արեւելք նորանոր ուժեր ուղարկելն է` դրանց քաղաքացիական պատերազմի մասնակից դարձնելով, այլ հնարավորություն ստեղծելը, որպեսզի իրաքյան խնդրի քաղաքական լուծումը գտնեն տեղի ժողովուրդն ու կառավարությունը:

Մեկ այլ դեմոկրատ կոնգրեսական` Բարաք Օբաման, Բուշին իր դժգոհությունն անձամբ էր փոխանցել: «Ես նախագահին հանդիպել եմ անցած շաբաթ եւ միանշանակորեն արտահայտել իմ դժգոհությունը Իրաքում զորքերն ավելացնելու նրա մտադրության առթիվ», - ասել է նա:

Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Նենսի Փելոսին շաբաթվա սկզբին հայտարարել էր, թե դեմ չէ Իրաքում տեղակայված զորքերի ֆինանսական աջակցության համար նոր գումարներ տրամադրելուն, սակայն խոսք անգամ լինել չի կարող Իրաք ռազմական նոր ստորաբաժանումներ ուղարկելու մասին:

Այս խնդրում միակարծիք չեն նաեւ նախագահ Բուշի կուսակիցները:
Վերջերս Իրաքից վերադարձած հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը հայտարարեց. - «Ես այնքան էլ համոզված չեմ, որ նոր զորքերի առկայությունը Իրաքում կօգնի խնդրի լուծմանը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG