Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը վերստին Ռիչարդ Հոգլանդին առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերստին առաջադրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Սպիտակ տունը երեքշաբթի օրը հայտարարել է Հոգլանդի վերաառաջադրման մասին՝ չնայած Դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամների կոչերին՝ հետ կանչել Հոգլանդի թեկնածությունը, քանի որ նա հրաժարվում է Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կոտորածները որակել ցեղասպանություն:

Հոգլանդի նախորդը՝ Ջոն Էվանսը, Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2006 թվականի սեպտեմբերին, իսկ անցած ամիս, ինչպես վկայում է ամերիկյան մամուլը, պաշտոնապես հեռացել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտից:

«Ես այսօր դա կկոչեմ Հայոց ցեղասպանություն», - 2005 թվականի փետրվարին ասել էր Էվանսը` հակադրվելով Սպիտակ տանը, որը չի ցանկանում օգտագործել «ցեղասպանություն» բառը:

Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը մերժվեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, երբ դեսպանի թեկնածուն հրաժարվեց ցեղասպանություն անվանել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կատարվածը:

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը արգելափակեց Հոգլանդի հաստատումը, ապա դեկտեմբերի սկզբին Սենատում դեմոկրատների խմբակցության ղեկավար Հարի Ռեյդի հետ համատեղ նամակ հղեց պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ խնդրելով հետ կանչել Հոգլանդի թեկնածությունը:

Նախորդ գումարման Կոնգրեսի լիազորությունների ավարտին Սենատը վերադարձրեց Հոգլանդի թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահին, որն էլ վերստին առաջադրում է այն ներկայիս՝ 110-րդ Կոնգրեսի վերին պալատի հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG