Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վերջին շրջանում Հայաստանին անմիջապես հարող տարածշրջանում լարվածության աճը գնահատելով ներքաղաքական առաջիկա զարգացումների վրա դրա հնարավոր ազդեցության տեսանկյունից` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. - «Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանի շուրջը տեղի ունեցող ինտենսիվ տեղաշարժերը վկայում են, որ մեր բոլոր հարեւանները Մերձավոր - Միջին Արեւելքից մինչեւ Միջին Ասիա ձգվող մի հսկայական «խաղատախտակի» մասնիկներն են։ Այնպես որ, նրանցից յուրաքանչյուրի հանդեպ հետաքրքրության նկատելի մեծացումը չի կարող իր ազդեցությունը չգործել նաեւ մեր երկրի վրա։ Դրա հետեւանքով 2007-ի հայաստանյան խորհրդարանական ընտրություններում ամենեւին էլ չի բացառվում արտաքին գործոնների լուրջ դերակատարությունը եւ, որպես այդ ամենի հետեւանք` քաղաքական պայքարի աննախադեպ սուր ու անզիջում բնույթը»:

Առաջիկա քաղաքական զարգացումները կանխատեսելով` «Իրավունք»-ի գլխավոր խմբագիրն այսօր շեշտադրում է - «Այժմ եթե «չեպե»-ներ չլինեն, ամեն դեպքում տեղի կունենա իշխանության առաջին դեմքի փոփոխություն»։ «Իսկ «չեպե» ասելով՝ նկատի ունենք այնպիսի հանգամանքները, երբ նախագահական ընտրությունները առաջ են ընկնում խորհրդարանական ընտրություններից», - բացատրել է խմբագրականն ու կոնկրետացրել, թե «նման սցենարով շահագրգռված է Սերժ Սարգսյանը». - «Հատկանշական է, որ բազում պաշտոններ սեփականաշնորհած Սարգսյանը պայքարի մեջ է մտել դատապարտվածի կարգավիճակով։ Նրա գործողությունները մի տեսակ ջղաձիգ են, հուսահատ: Սերժիկը լավ է հասկանում, որ եթե չփորձի իշխանությունը գրավել, ապա լավագույն դեպքում կհայտնվի Վանո Սիրադեղյանի կարգավիճակում»։

Վկայակոչելով ամերիկյան հայտնի գործարար Հենրի Ֆորդի խոսքերը, թե «Ինձ մի հարցրեք, թե ինչպես եմ աշխատել իմ առաջին մեկ միլիոն դոլարը, մնացածի մասին` խնդրեմ»` «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը հասցեագրել է. - «Մենք մեր հայրենի օլիգարխներին կարող ենք ավելի լավ պայմաններ առաջադրել` ոչինչ չհարցնել նրանց առաջին հինգ միլիոնների մասին: Մնացածը դրամ առ դրամ պետք է քննության ենթարկվի, եւ այդ ժամանակ մենք կպարզենք, թե ինչ է թաքնված մեծաքանակ «Համմերների», սափրագլուխների բանդաների, 25-30 հազարանոց շորերի տակ: Չնայած հիմա էլ կռահում ենք, որ դրանց տակ թոշակառուների թոշակներ են` չվճարված պարտադիր սոցիալական վճարների տեսքով, ուսուցիչների աշխատավարձեր են` չվճարված հարկերի տեսքով, պետությանը հասցված միլիարդների վնասներ են` կեղծ արտահանումների եւ օֆշորային կեղծ ֆիրմաների տեսքով»: «Եվ այդ ժամանակ», - շարունակում է խմբագրականը, - «փաստացի հնարավոր կլինի ապացուցել, որ այսօր կարտոֆիլ եւ տուկի թել բաժանողները ընդամենը ժողովրդին են վերադարձնում նրանից գողացածի մի չնչին, փոքր չափաբաժինը, որը համամասնաբար կարելի է համեմատել «Համմերի» պահեստային անվադողի հետ»:

«Տժժանը Բադենում» վերնագրի տակ նույն թերթը փոխանցել է, թե «վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «բուրժուական կայֆերի» մթնոլորտում է դիմավորել Ամանորը»: Ըստ թերթի աղբյուրների, Ամանորի գիշերը նա անցկացրել է Մոսկվայի հանրահայտ «Կրիստալ» կազինոյում, ինչից հետո վաղ առավոտյան մեկնել է Բադեն-Բադեն, որը «համարվում է Եվրոպայի ամենաշքեղ քաղաքներից մեկը»: Թերթի տեղեկություններով, վարչապետի հետ են եղել նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում Արշակ Սադոյանի ԱԺԴ-ն (Ազգային ժողովրդավարների դաշինք) եւ Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ-ը («Ժողովրդավարական ուղի» կուսակցություն) հանդես են գալու միասնաբար: Խորհրդակցությունները, ըստ թերթի, շարունակվում են, բայց ոչ թե դաշինք կազմելու, այլ ինչ-որ մի կուսակցության ցուցակով ներկայանալու համար: «Չի բացառվում, որ նրանց միանան եւս երեք գործիչներ», - պնդել է թերթը՝ վկայակոչելով Մանուկ Գասպարյանի խոսքը. - «Ինձ թվում է, եթե հաջողվի մեր այդ հինգ գործիչների միավորումը, մենք 15 տոկոս ձայն կունենանք խորհրդարանում։ Իսկ եթե մնանք միայն ես ու Արշակը՝ համոզված եմ, որ կհաղթահարենք 7-8 տոկոսի սահմանները»:

Նույն թերթին տված հարցազրույցում հարցին, թե «հնարավո՞ր է, որ մեր հասարակությունը հասնի այնպիսի գիտակցության, որ ընդդիմության կողմից հնչող քաղաքացիական անհնազանդության կոչով դուրս գա փողոց եւ պահանջի իր իրավունքների վերականգնում», «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը պատասխանել է. - «Ժողովուրդը կաշկանդված չէ եւ նրան հնարավոր չէ բռնություններով կաշկանդել։ Սա է այն բազան, որ մեզ թույլ է տալիս շարունակել գործել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG