Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դադարեցրել է նավթի մղումը Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարով


Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը դադարեցրել է նավթի մղումը հյուսիսային երթուղով՝ Բաքու-Նովոռոսիյսկ նավթատար խողովակաշարով:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Նավթային պետական ընկերության աղբյուրը, ընկերությունը չի պատրաստվում առաջին եռամսյակում վերականգնել նավթի արտահանումը տվյալ երթուղով: Դրա պատճառն այն է, որ Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարով մղվելիք 240 հազար տոննա նավթը վերամշակվելու է մազութի՝ ապահովելու համար երկրի ջերմային էլեկտրակայանների անխափան աշխատանքը, ուր նախկինում օգտագործվում էր առավելապես Ռուսաստանից ներմուծվող գազը:

Նույն աղբյուրի հավաստմամբ, ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության առաջարկած գինը՝ 230-235 դոլար հազար խորանարդ մետր գազի դիմաց, ձեռնտու չէ Ադրբեջանին, որի առաջարկները 2007 թվականին մատակարարվելիք գազի գների եւ ծավալների վերաբերյալ անպատասխան են մնում:

Միաժամանակ, Բաքու-Նովոռոսիյսկ երթուղին շարունակում է օգտագործել Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերությունը՝ Ռուսաստանի սեւծովյան ափ արտահանելով օրական միջինը 11-12 տոննա նավթ: Ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ դեռեւս մտադիր չեն հրաժարվել այդ երթուղուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG