Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի եւ Մալխասյանի դեմ հարուցված քրեական գործով ձերբակալվել է եւս մեկ մարդ


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ձերբակալել են եւս մեկ անձի:

Ձերբակալվածը, ըստ ԱԱԾ մամլո կենտրոնի տարածած հաղորդագրության, «Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Վահան Արոյանն է (կենցաղում «Քեռի Վանիկ», ծնված 1959 թ.)», որի «տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է աննախադեպ քանակությամբ զենք ու զինամթերք պարունակող զինապահեստ». - «Մասնավորապես առգրավվել է տարբեր տեսակի գնդացիրներ, ինքնաձիգեր, ատրճանակներ, «Մուխա» տիպի նռնականետեր, «Ստրելա» տիպի շարժական զենիթային համակարգ, մեծ քանակով տարբեր տեսակի նռնակներ, օպտիկական նշանառության հրացաններ, տարբեր տրամաչափի տասնյակ հազարավոր փամփուշտներ, հակատանկային նռնակներ, ականներ, ծխացող նռնակներ եւ դրանց գլխիկները, տարբեր տեսակի զենքի պահեստամասեր, ռադիոկապի միջոցներ եւ այլն»:

Սեֆիլյանի եւ Մալխասյանի նկատմամբ քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության ղեկավար անդամ Արմեն Եղյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ձերբակալվածի ազգանունը իրականում Արոտյան է: Նա, ըստ Եղյանի, իրենց մարտական ընկերն է, Սեֆիլյանի հետ մասնակցել է Շուշիի ազատագրմանը: Հրադադարի հաստատումից հետո Արոտյանը քաղաքական գործունեությամբ չի զբաղվել:

«Մեր կառույցի հետ ինքը կապ ու առնչություն չի ունեցել», - ասաց Եղյանը` հավելելով, որ իրենք տեղյակ չեն եղել, որ Արոտյանը տանը նման զինանոց ուներ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG