Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջոն Էդվարդսի առաջադրվելու որոշումը


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը գոհունակությամբ է ընդունել 2008 թվականի նախագահական ընտրություններում նախկին սենատոր, դեմոկրատ Ջոն Էդվարդսի առաջադրվելու լուրը:

«Մենք միշտ ուրախ ենք տեսնել ամերիկահայ համայնքի բարեկամներին նախագահի հավակնորդների թվում», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սենատում ներկայացնելով Հյուսիսային Կարոլինան՝ Էդվարդսը աչքի է ընկել որպես ամերիկահայությանը հուզող խնդիրների լուծման, այդ թվում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից:

2002 թվականին Էդվարդսը համահեղինակել է թիվ 307 բանաձեւի նախագիծը, որով պետք է նշվեր Միացյալ Նահանգների կողմից ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի կիրառման 15-ամյակը եւ որում անցյալի ցեղասպանությունների թվում հիշատակված էր նաեւ Հայոց ցեղասպանությունը:

2003 թվականին նա եղել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի համահեղինակներից:

Ամեիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Էդվարդսը բազմիցս շեշտել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահական պաշտոնի հնարավոր հավակնորդների թվում Հայ դատի գրասենյակը որպես հայամետ գործիչների առանձնացնում է նաեւ Ջոն Քերիին, Ջոզեֆ Բայդենին, Հիլարի Քլինթոնին, Քրիսթոֆեր Դոդդին, Բարաք Օբամային, պաշտոնաթող գեներալ Ուեսլի Քլարքին եւ այլոց:

Ինչ վերաբերում է նախագահի հանրապետական հավակնորդներին, ապա նրանց թվում Հայ դատի գրասենյակը նշում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիին եւ Նյու Յորքի նահանգապետի պաշտոնին հրաժեշտ տվող Ջորջ Պատակիին, որոնք երկուսն էլ սերտ հարաբերություններ ունեն ամերիկահայ համայնքի հետ եւ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG