Մատչելիության հղումներ

Թուրքահայ դաշնակահարը սպասում է Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական ներողությանը


Թուրքիայի հայազգի քաղաքացի դաշնակահար Բուրակ Բեդիկյանը հայտարարել է, որ այլեւս Բաքու չի գնալու համերգների, քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն իրենից պաշտոնապես ներողություն չեն խնդրել օդանավակայանում վատ վերաբերմունքի համար:

Հայազգի դաշնակահարը դեկտեմբերի 19-ին Բաքու էր ժամանել թուրք երգչուհի Սերթաբ Էրեներին ուղեկցող խմբի կազմում, սակայն նրան հնարավորություն չէին տվել մուտք գործել երկիր՝ ստիպելով վերադառնալ Ստամբուլ:

«Նախ եւ առաջ, ես միջադեպը չեմ անձնավորում, սակայն անհարգալից վերաբերմունք եմ տեսնում Թուրքիայի Հանրապետության նկատմամբ, որի քաղաքացին եմ», - ասել է դաշնակահարը Turkish Daily News-ի հարցազրույցում:

Բեդիկյանը շեշտել է, որ թշնամանք չի տածում Ադրբեջանի նկատմամբ, եւ այդ երկիր կգնա, երբ խնդիրը կարգավորված կլինի:

Դաշնակահարի բողոքից հետո Թուրքիան պաշտոնապես պարզաբանումներ է պահանջել Ադրբեջանի արտգործնախարարությունից, ինչպես նաեւ Անկարայում ադրբեջանական դեսպանությունից:

Ըստ հաղորդագրությունների, ադրբեջանցի պաշտոնյաները Բեդիկյանին մուտքի վիզա չտրամադրելը պատճառաբանել են նրանով, թե համերգի ժամանակ 10-15 հազար ունկնդիրների առջեւ նրա անունը հայտարարելը կարող է միջադեպի պատճառ դառնալ, քանի որ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմի մեջ է:

Բեդիկյանի համար, սակայն, անընդունելի են ադրբեջանական կողմի պարզաբանումները, քանի որ նախատեսվող երկու համերգները ոչ թե բացօթյա էին լինելու, այլ կայանալու էին «Գյուլիստան» պալատում, եւ ունկնդիրները լինելու էին ընտրախավի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG