Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի պատմաբանը ուզում է Թուրքիայի քաղաքացի դառնալ


Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավանություն է տվել երկրի քաղաքացիություն ստանալու՝ ֆրանսիացի պատմաբան Ժան Միշել Թիբոյի դիմումին:

Թիբոն համաձայնել էր աշխատել Թուրքիայի «Աքդենիզ» համալսարանում եւ հայտարարել էր այդ երկրի քաղաքացի դառնալու մտադրության մասին՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման:

«Ես բողոքում եմ հայերի հարցում ֆրանսիացիների վարած պարզունակ քաղաքականության դեմ: Եթե ինձ շնորհվի Թուրքիայի քաղաքացիություն, իմ երկիրը կդառնա Թուրքիան», - հայտարարել է Թիբոն:

Ներքին գործերի նախարարության կողմից հաստատվելուց հետո Թիբոյի դիմումը պետք է հաստատեն նաեւ նախարարների խորհուրդը եւ նախագահ Ահմեդ Սեզերը:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության վկայությամբ, Թիբոն մտադիր է քաղաքացիություն ստանալուց հետո նաեւ անվանափոխվել եւ ընդունել թուրքական անուն՝ Աթաքան Թուրք:

Հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծով մինչեւ մեկ տարի ազատազրկում է սահմանվում նրանց համար, ովքեր կժխտեն Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG