Մատչելիության հղումներ

Վախճանվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջերալդ Ֆորդը


Երեքշաբթի օրը 93 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի 38-րդ եւ միակ չընտրված նախագահ Ջերալդ Ֆորդը:

Ֆորդը երկրի նախագահի պարտականություններն ստանձնել էր 1974 թվականի օգոստոսին, երբ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց Ուոթերգեյթի սկանդալի հետեւանքով: Նա պաշտոնավարել է ընդամենը 895 օր՝ մինչեւ 1976 թվականի նոյեմբեր, երբ նախագահական ընտրություններում պարտվեց Ջիմի Քարթերին:

Համաձայն լայնորեն տարածված կարծիքի, ընտրություններում Ֆորդի պարտության պատճառ դարձավ Նիքսոնին անվերապահ ներում շնորհելը բոլոր հանցագործությունների համար, որ նա գործել էր որպես նախագահ պաշտոնավարման շրջանում:

Ֆորդի պաշտոնավարման ժամանակ՝ 1975 թվականի ապրիլին, Միացյալ Նահանգների պարտությամբ ավարտվեց Վիետնամի պատերազմը:

Ջերալդ Ֆորդի դեմ երկու անհաջող մահափորձ է իրականացվել, երկուսն էլ՝ 1975 թվականի սեպտեմբերին:

Կյանքի վերջին տարիները Ֆորդը անցկացրել է Լոս Անջելեսից շուրջ 200 կիլոմետր դեպի արեւելք գտնվող Ռանչո Միրաժ բնակավայրի մեկուսի առանձնատանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, այս տարվա հունվարին Ֆորդը Կալիֆորնիայի հիվանդանոցներից մեկում բուժում էր ստացել թոքաբորբից, իսկ օգոստոսին Մինեսոտայում՝ սրտային հիվանդությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG