Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի Ժողովրդական խորհուրդն այսօր նոր ղեկավար կընտրի


Երկրի նախագահ Սափարմուրադ Նիյազովի մահվան կապակցությամբ Թուրքմենստանում շարունակվում է յոթնօրյա սուգը, չեղյալ են հայտարարվել Նոր տարվա տոնակատարությունները: Այս ֆոնին էլ երեքշաբթի օրը կընտրվի երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ժողովրդական խորհրդի ղեկավարը: Խորհրդի անդամները տալու են նաեւ մեկ այլ, շատ ավելի կարեւոր հարցի պատասխանը` թե ո՞վ է առաջադրվելու երկրի երկրորդ նախագահ եւ ե՞րբ է կայանալու քվեարկությունը:

Ինչպես եւ բոլոր հիմնական ղեկավար պաշտոնները, այս պաշտոնն էլ զբաղեցնում էր Թուրքմենբաշին, եւ նրա մահից հետո այն թափուր է մնացել:

Թուրքմենստանի Սահմանադրության համաձայն, խորհրդի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն 55 տարին լրացած անձը:

Որպես երկրի նախագահի ամենահավանական թեկնածու վերլուծաբանները նշում են երկրի ղեկավարի պաշտոնակատար, փոխվարչապետ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին: Թեեւ երկրի հիմնական օրենքն արգելում է նախագահի պաշտոնակատարին մասնակցել ընտրություններին, չի բացառվում, որ արդեն մի քանի ժամից Ժողովրդական խորհուրդը փոփոխի նաեւ Սահմանադրության այդ դրույթը` բացելով պաշտոնակատարի ճանապարհը դեպի նախագահական պալատ:

Տարագրության մեջ գտնվող թուրքմեն ընդդիմադիրների մի խումբ շաբաթ օրը ժամանել էր Ուկրաինա` պաշտոնական Կիեւից աջակցություն խնդրելու: Թուրքմեն ընդդիմադիրները հույս ունեին, որ Ուկրաինան կկարողանա ճնշում գործադրել թուրքմենական նոր իշխանությունների վրա` հայրենիք վերադառնալու հնարավորություն ստեղծելով ընդդիմադիրների համար:

Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ` բանտում գտնվող նախկին արտգործնախարար Բորիս Շիհմուրադովի որդին` Բայրամ Շիհմուրադովը, կոչ է անում թուրքմենական իշխանություններին հայրենիք վերադառնալու հնարավորություն ստեղծել ընդդիմադիրների համար, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, իսկ դեկտեմբերի 26-ը հռչակել Ազգային հաշտեցման օր:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG