Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ի տեղեկություններով, 20 օր առաջ Հայաստանի իշխանությունները հրահանգ են տվել ավելացնել ներքին զորքերի թիվն ու նրանց պատրաստել փողոցային միջոցառումների: «Իշխանությունների այս հրահանգը ընդդիմության շրջանում տարբեր կերպ է մեկնաբանվում: Ոմանք կարծում են, որ դրանք ուղղված են լինելու փողոց դուրս ելնողների դեմ», - գրում է թերթը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց աշխարհ»-֊ում կարծիք է հայտնում. - «Հանրապետականը քաղաքական սակավ ուժերից մեկն էր, որ դժվարին իրավիճակում պատասխանատվության բեռը ստանձնեց եւ քարկոծումների ու հայհոյանքների տարափի տակ երկիրը դուրս բերեց մի հանգրվան, որտեղ մեր երկրի ու ժողովրդի ապագան կանխատեսելի է: Հավատացած եմ, որ գալիք տարին կլինի մեր ժողովրդի ակնկալիքների կատարման առաջին տարին»:

Գալուստ Սահակյանի թեման շարունակում է «Իրավունք»-֊ը: «Դեռեւս չի լուծվել Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի աշխատանքի տեղավորման հարցը, սակայն արդեն մի այլ սկանդալ է նախատեսվում Գալուստ Սահակյանի մյուս որդու՝ Տիգրանի առնչությամբ: Բանն այն է, որ երկրորդ որդին մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն փորձում է գլխավորել թոքախտային դիսպանսերը: Բանը հասել է վարչապետին, որը հրավիրել է Գալուստ Սահակյանին իր մոտ եւ զայրացած հարցրել, թե ինչպես է նրա ատամնաբույժ որդին թոքեր բուժելու»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Նախագահը հայտարարեց, թե հնարավոր է համագործակցություն Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի, Դաշնակցության եւ Միավորված աշխատանքային կուսակցության հետ: Ու սկսվեց… Լրատվամիջոցները դա ընկալեցին որպես ուղղակի ցուցում «առ այն», թե որ կուսակցությունները պետք է առաջիկա ընտրություններում հաղթահարեն հինգ տոկոսը: Իրականում Ռոբերտ Քոչարյանն ուրիշ բան ասել չէր կարող: «Բարգավաճ Հայաստան»-ի անունը ստիպված էր տալ՝ ինքն է ստեղծել: Հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության անունները ստիպված էր տալ՝ ինքն է նրանց հետ կոալիցիոն հուշագիր ստորագրել: Դեռ լավ է, որ ժամանակին հիշեց՝ ոնց որ թե այնտեղ մի ուրիշ կուսակցություն էլ կար: «Օրինաց երկրի» «զամենը»: Ու անունը տվեց: Իհարկե, չի բացառվում, որ Քոչարյանը հատուկ տված լինի ՄԱԿ֊ի անունը: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «Նինան շատ խնդրեց»: Նինան, հասկանալի է, Արմենչիկն է: Բայց այսպես, թե այնպես, ընդամենը մեկ շաբաթ առաջ բոլորին հայտնի էր, որ 2007-֊ին ՄԱԿ-֊ը խորհրդարան չի մտնելու: Ավելին, Գուրգեն Արսենյանն ինքը ամենալավը գիտեր, որ 2007֊-ի ընտրություններից հետո ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնի, քան պատգամավորական մանդատը: Եթե կուզեք՝ նույնիսկ Քոչարյանի անկապ հարցազրույցից հետո իրավիճակը չի փոխվել, եւ Գուրգեն Արսենյանը միեւնույն է, այլեւս խորհրդարանում խմբակցություն չի ունենալու»:

«Մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը, որը շրջում է «Համմեր»֊-ով, 2005-֊ի իր հայտարարագրում նշել է, թե միայն մի ավտոմեքենա ունի՝ 2005֊-ի արտադրության «Նիվա»: «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր Մուրադ Գուլոյանը եւս իր հայտարարագրում միայն մեկ մեքենա է նշել՝ 2002֊-ի արտադրության «Նիվա»: Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է 5 ավտոմեքենա, սակայն դրանց շարքում չի նշել շուրջ կես միլիոն դոլար արժողությամբ իր «Մայբախ» մեքենան», - գրում է «Առավոտ»-ը: - «Երբ Հանրապետական պատգամավոր Արմեն Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ թեեւ հայտարարագրում ցույց է տվել, թե պատգամավորական աշխատավարձից բացի՝ չունի ուրիշ ոչ մի եկամուտ, սակայն նաեւ հայտարարագրել է «Դեյվուո Նեքսիա» եւ «Գրանդ Չերոկի» մեքենաները, պարզաբանեց. - «Ես այդ մեքենաներն ունեցել եմ դեռեւս այն ժամանակ, երբ պատգամավոր չեմ եղել: Եվ երկուսն էլ ստացել եմ նվեր ծնողներիս կողմից»:

«Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանությունները բավական երկար ժամանակ մանրակրկիտ գծագրված պրովոկացիա են նախապատրաստելիս եղել «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ մասնավորապես նրա գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իշխանական հայտնի դեմքերի ծրագրած պրովոկացիայի նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանին մի այնպիսի իրավիճակի մեջ գցելը, որը նրա համար վարկաբեկիչ կլիներ: Նախապես ծրագրված է եղել երկու սցենար. կամ այդ իրավիճակը օգտագործել Փաշինյանին եւ «Հայկական ժամանակ»-֊ը կառավարելի դարձնելու, կամ ուղղակի այդ կոմպրոմատները դնել հրապարակային մի պրոցեսի հիմքում, որի իմաստը կլիներ հետեւյալը. «Եվ ահա այս մարդը այսպիսի վատ֊-վատ բաներ է գրում մեր հայրենիքի հրաշափառ եռյակի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի մասին»: Պրովոկացիան խափանվել է այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի բառապաշարով ասած, կուտը չի կերել»:

«Իրավունք»֊-ի «Փանջունու անկյուն»֊-ում «Օրհնվի էն սհաթը, երբ ղարաբաղցու ոտը մտավ Հայաստան» վերնագրի ներքո զետեղված է. - «Մշակույթի նախարարությունից առաջարկում են Հայաստանում հնչեցնել Ղարաբաղի օրհներգը, ասելով, որ ժամանակին այնտեղից իշխանություններ էլ են ներմուծել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG