Մատչելիության հղումներ

Գրիգոր Ամալյան. «Ամեն կարծիք չէ, որ պատրաստ եմ քննարկել»


«Ամեն կարծիք չէ, որ պատրաստ եմ քննարկել», - հայտարարեց Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մեկնաբանելով իր ղեկավարած հանձնաժողովին հասարակական կազմակերպությունների հղած կոչը:

«Կարծիքներ կարող են լինել միլիոնավոր եւ միլիարդավոր, եւ չեմ կարծում, թե ցանկացած արտահայտված տեսակետ անհրաժեշտ է քննարկել: Ընդունել եմ ի գիտություն ընդամենը», - ասաց Ամալյանը:

Նա նաեւ նշեց, թե կոչի հեղինակների իր որոշակի գնահատականն ունի, որովհետեւ ճանաչում է, թե ովքեր են նրանք:

Հայաստանյան վեց տասնյակից ավելի կազմակերպություններ կոչ են արել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բոլոր անդամներին միաժամանակ հրաժարական տալ, որպեսզի հանձնաժողովը ձեւավորվի փոփոխված Սահմանադրության համաձայն:

Բաց նամակ-դիմումը ստորագրած կազմակերպությունները, որոնք միավորվել են «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության շրջանակներում, փաստում են, որ փոփոխված Սահմանադրության պահանջին համապատասխանող հարաբերակցությունը՝ հանձնաժողովի անդամների կեսը նախագահի, մյուս կեսը՝ խորհրդարանի կողմից նշանակումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 6 տարի:

Հիշյալ նախաձեռնությանն անդամակցող՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հեռուստառադիոյի հանձնաժողովի նախագահի արձագանքի առիթով ասաց. - «Օրենսդրական փակուղուց միակ ելքը հենց հանձնաժողովի անդամների՝ այսօր կամավոր հեռանալն է, որովհետեւ միայն այդ դեպքում է հնարավոր կատարել Սահմանադրության դրույթը»:

Ընդհանրապես, Նավասարդյանի խոսքերով, «պարոն Ամալյանի մեջ արտացոլվում է այն ոճը, որը այսօր բոլոր իշխանական օղակներում կա՝ ցինիկ, արհամարհական պատասխաններ՝ ուղղակի ցուցադրելու համար, որ ոչ քաղաքացիական հասարակության, ոչ ընդհանրապես երկրի քաղաքացիների կարծիքը իրենց չի մտահոգում, չի հուզում»:

«Այդ ուղերձը եւս մեկ անգամ այդ պատասխանում հնչում է, դա մեզ համար նորություն չէ», -ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահը՝ ընդգծելով. - «Բայց, միեւնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ դա չէ այն ոճը, որը պետք է թելադրի այսօր մեր հասարակական կյանքի առանձնահատկությունները»:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG