Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտի պաշտոնյան Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ


ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով օգնական Բարրի Lոուենքրոնը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, ուր արդեն հանդիպումներ է ունեցել երկրի իշխանությունների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լոուենքրոնի հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, գոհունակություն հայտնելով Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների ու համագործակցության մակարդակից, նշել է, որ երկկողմ կապերը հաջողությամբ զարգանում են:

Բարրի Lոուենքրոնն ասել է, որ կարեւոր աշխատանք է տարվում ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար` տնտեսական, էներգետիկ, անվտանգության, ժողովրդավարության ոլորտներում: Նա ընդգծել է, որ այդ ոլորտները սերտորեն փոխկապակցված են:

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը հանդիպում է ունեցել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այս հանդիպման ժամանակ Բարրի Lոուենքրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Ադրբեջանի վարած քաղաքական կուրսին:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրավիճակը երկրում ու նշել հայերի կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացման» բացասական հետեւանքները: Նրա խոսքերով, Հայաստանի կողմից շարունակվող «օկուպացիոն» քաղաքականությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման, անվտանգության ու կայուն խաղաղության հաստատման ճանապարհին:

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի այցն այսօր ավարտվում է: Պաշտոնական հանդիպումներից բացի, նա հանդիպումներ է ունենալու նաեւ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG