Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին վստահ է, որ Եվրամիությանը Ղարաբաղի հետ շփումներ պետք են


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին վստահ է, որ Եվրամիությանը Ղարաբաղի հետ շփումներ պետք են: Այդ մասին նա հայտարարեց կիրակի օրը Երեւանում՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ երկժամյա բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում:

«Մեզ համար շատ կարեւոր է լսել եւ շփումներ ունենալ հակամարտության բոլոր կողմերի հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարեւորագույն գործոն է, եւ ես ցավում եմ, որ մինչեւ հիմա մենք բավարար մակարդակի շփումներ չենք ունեցել», - ասաց Փիթեր Սեմնեբին:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտնեց, որ ինքը նպատակ ուներ այցելել Լեռնային Ղարաբաղ, բայց «տարբեր պատճառներով» այնտեղ չեղավ եւ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպեց Երեւանում: Պատճառներից մեկը, ըստ նրա, այն է, որ հանրաքվեի ժամանակ իր այցելությունը Ղարաբաղ կարող էր տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ:

«Բայց դա չի նշանակում, որ ես այլեւս չեմ այցելելու Ղարաբաղ: Ավելին, շատ շուտով ես պատրաստվում եմ լինել այնտեղ, եւ ակնկալում եմ, որ դա շատ արդյունավետ այց կլինի», - հայտարարեց Սեմնեբին:

Նա հայտնեց, որ Արկադի Ղուկասյանի հետ քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում եւ մեկ շաբաթ առաջ Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեի հարցը, որի առնչությամբ, ինչպես հիշեցրեց Սեմնեբին, Եվրամիությունն արդեն հայտարարել է իր դիրքորոշման մասին՝ նշելով, որ այդ հանրաքվեն կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին:

Փիթեր Սեմնեբիի խոսքերով, Եվրամիության արձագանքը չպետք է ընդունել իբրեւ բացասական արձագանք Ղարաբաղում տեղի ունեցող Ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. - «Մենք գիտակցում ենք, որ Ղարաբաղում ժողովրդավարության մշակույթի բարձր մակարդակ կա, եւ դա դրական է: Բայց ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա այն ներառում է սկզբունքային այլ պահեր, որոնց մենք չենք կարող համաձայնել. հանրաքվեն կանխորոշում է այն հարցերը, որոնք պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, այդ թվում եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

«Այնուամենայնիվ, մենք ուզում ենք խորացնել մեր անմիջական շփումները Լեռնային Ղարաբաղի հետ», - հայտարարեց Սեմնեբին եւ հավելեց. - «Ես կարծում եմ, որ Եվրամիության առավել ակտիվ մոտեցումը կնպաստի հակամարտության կարգավորման ձգտումներին»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե մինչեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու, Սեմնեբին ասաց. - «Ես չեմ ցանկանում որեւէ կերպ մեկնաբանել Հայաստանի նախագահի հայտարարությունը, բայց հույս ունեմ, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բանակցային գործընթացում արձանագրված ակտիվացումը կպահպանվի»:

«Ես հույս ունեմ, որ հնարավոր է պահպանել ակտիվ բանակցային գործընթացը նաեւ քարոզարշավի ընթացքում», - ամփոփեց Փիթեր Սեմնեբին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG