Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Վրաստանը չի վճարելու գազի դիմաց առաջարկվող քաղաքական գինը»


«Վրաստանը չի վճարելու գազի դիմաց քաղաքական գինը, որն առաջարկում է «Գազպրոմ»-ը», - հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին CNN հեռուստատեսության հարցազրույցում:

«Ռուսական կողմը բարձրացրեց գազի գինը եւ դա բացատրեց շուկայական սկզբունքներով, սակայն վստահեցնում եմ բոլորին, որ առաջարկվող գինը [հազար խորանարդ մետրի դիմաց 230 դոլար] որեւէ ընդհանուր բան չունի տնտեսագիտական հաշվարկների հետ՝ դա քաղաքական գին է», - ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրը «առավելագույնս պատրաստ է ձմռանը». - «Լավատեսության հիմքեր մեզ տալիս է գազ ստանալու այլընտրանքային աղբյուրների առկայությունը: Մենք ակտիվ բանակցություններ ենք վարում: Հատուկ հույսեր ենք կապում [Շահ Դենիզի հանքավայրից արտահանվելիք] ադրբեջանական գազի հետ»:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ,Սահակաշվիլին ասել է նաեւ, թե Ռուսաստանը Վրաստանի հետ հարաբերություններում ընտրել է պատժամիջոցների ուղին:

«Ամեն մեկն ունի իր ընտրությունը», - հայտարարել էՎրաստանի նախագահը: - «Վրաստանը ընտրել է ազատությունը, մինչդեռ Ռուսաստանը ընտրել է Վրաստանի նկատմամբ ճնշում գործադրելը: Այդպես, նրանք տնտեսական պատժամիջոցների դիմեցին եւ սկսեցին վտարել վրացիներին երկրից՝ իրենց ազգային պատկանելիության համար»:

«Սակայն, չնայած ամեն ինչին, հուսով եմ, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր տարաձայնությունները եւ վերադարձնել մեր հարաբերությունները նորմալ հուն, ինչի կարիքն ունեն թե Վրաստանը եւ թե Ռուսաստանը», - ասել է Սահակաշվիլին:

Ներկայումս Վրաստանը Ռուսաստանից գազ է գնում հազար խորանարդ մետրի դիմաց 110 դոլարով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Վրաստանի գազի պահանջարկը տարեկան 1,8 միլիարդ խորանարդ մետր է: Վրաստանի գազի գլխավոր մատակարարը ներկայումս Ռուսաստանն է:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին օրերս հայտարարել է, որ 2007 թվականին ռուսական գազի ներկրումը կարող է կրճատվել 5 անգամ, եթե կողմերը համաձայնության չգան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG