Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք» օրաթերթը տեղեկացնում է, որ Հայաստանում տպագրության պատրաստվող Forbes հանդեսի հայկական տարբերակը հրապարակելու է Հայաստանի ամենահարուստ տասը մարդկանց ցուցակը: Տասնյակում տեղ գտածներից վեցը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են. - «Գագիկ Ծառուկյան - գործարար, ԱԺ պատգամավոր; Արմեն Ավետիսյան - ՀՀ Մաքսային կոմիտեի ղեկավար; Միքայել Բաղդասարով - գործարար; Հրանտ Վարդանյան - գործարար; Սուքիասյան ընտանիք - գործարարներ; Երվանդ Զախարյան - Երեւանի քաղաքապետ; Ռոբերտ Քոչարյան - ՀՀ նախկին վարչապետ; Սերժ Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախկին նախարար; Անդրանիկ Մանուկյան - ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար; Դավիթ Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար»: Forbes-ի համաձայն, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը հասնում է 400-500 միլիոն դոլարի, Սերժ Սարգսյանի կարողությունը՝ 150 միլիոնի:

«Հազարամյակի» փողը կծախսվի «մենթալիտետային» տրամաբանությամբ» վերնագրի տակ «Ժամանակ - Երեւան» թերթի խմբագրականն այսօր շեշտադրել է. - «Հայաստանի իշխանության գործողություններում տրամաբանություն պետք է փնտրել ոչ թե ազգային պետական մտածելակերպի, այլ ընտանեկան-ցեղային մենթալիտետի շրջանակում։ Իսկ այդ մենթալիտետի համար սրբության սրբոց է միայն ընտանեկան գանձարանը, եւ դրանից դուրս ամեն ինչ ենթակա է յուրացման կամ ընտանեկան գանձարանի համալրման: Դրա համար էլ այդ իշխանության կարկառուն ներկայացուցիչները պետությունից ավելի կարեւոր են համարում ընտանիքը, նույնիսկ՝ համարում են ամեն ինչի սկիզբը։ Պետությունն էլ, բնականաբար, համարում են ամեն ինչի վերջը, եւ գուցե դրա համար է, որ ամեն կերպ կատաղի ջերմեռանդությամբ դիմադրում են պետության կայացմանը։ Վերջից խուսափելու համար»։

«Վատություն չի անի» վերնագրի տակ «Առավոտ» թրեթի գլխավոր խմբագիրն այսօր առանձնացրել է. - «Եթե Ռոբերտ Քոչարյանն ուզենա շատ մեծ «վատություն» անել Սերժ Սարգսյանին, ապա նա մոտակա մեկ տարվա ընթացքում կստորագրի «Ղարաբաղյան կարգավորման սկզբունքների շուրջ»՝ թեկուզեւ զուտ դեկլարատիվ, ոչ մի լուրջ հետեւանքների չհանգեցնող փաստաթղթի տակ։ Հարց է ծագում՝ կուզի՞ Քոչարյանն այդ վատությունն անել Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ չի ուզի», - իր իսկ հարցին ժխտական պատասխան տալով` գլխավոր խմբագիրը փաստարկել է. - «Ոչ միայն այն պատճառով, որ ցանկացած, անգամ ընդհանուր գծերով ներկայացված «կարգավորման սկզբունք» պարունակելու է երկկողմանի զիջումներ, իսկ Հայաստանի ներկայիս նախագահը քաղաքական կամք չունի՝ որեւէ զիջման գնալու համար... Ոչ պակաս կարեւոր է, որ նախագահի աթոռը փոխանցելու ժամանակ Քոչարյանի անձեռնմխելիության միակ երաշխավորը կարող է լինել Սերժ Սարգսյանը։ Ցանկացած այլ քաղաքական գործիչ այդչափ ներգրավված չէ այսօրվա իշխանության՝ օրենքի սահմաններում ոչ միշտ տեղավորվող գործունեության մեջ, որ պարտավորված լինի ամեն ինչ կոծկել։ Իսկ դա իշխանությունը վերարտադրելու ամենահզոր շարժառիթն է»։

«Հայկական ժամանակ»-ի պնդմամբ` վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերջին օրերին կրկին ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը եւ երկուշաբթի ու երեքշաբթի աշխատանքի չի ներկայացել։ Թերթը գրել է, թե Երկրապահ կամավորականների միության համագումարից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը սուր ցավեր է ունեցել ստամոքսի շրջանում, ապա՝ հետազոտություն անցել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հետագա բուժումը նա անցել է տանը։ «Բժիշկները եզրակացրել են, որ սուր ցավերը նա ունեցել է մրսածության հետեւանքով», - հավելել է թերթը։

«Հայոց Աշխարհ» թերթը, անդրադառնալով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ «Առավոտ» թերթի հրապարակած` ընդդիմությունը ներկայացնող հավանական թեկնածուների ցանկը, եզրահանգել է. - «Ամենայն հավանականությամբ, ընդդիմությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդպես էլ ընդունակ չի լինի իրագործել 41 մեծամասնական ընտրատարածքներում քիչ թե շատ հասարակական ճանաչում ունեցող թեկնածուներ առաջադրելու մաքսիմում ծրագիրը: Եվ ոչ այն պատճառով, որ ներքին ու անհաշտ մրցակցությունը ընդդիմադիրներին համախմբվելու շանս չի թողնում։ Պարզապես նրանք քաջ գիտակցում են, որ ոչ մեկը ժողովրդի քվեն չի ստանա անգամ իր թաղում առաջադրվելու պարագայում»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG