Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկը ստացավ Նոբելյան մրցանակը


Երեկ երեկոյան Շվեդիայի թագավորական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտության ներքո Ստոկհոլմի ամենամեծ համերգասրահներից մեկում մեկնարկեց գրականության, տնտեսագիտության, բժշկության, ֆիզիկայի եւ քիմիայի բնագավառներում Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը: Աշխարհի մի շարք հեռուստաալիքներով հեռարձակվող ստոկհոլմյան արարողությանը ներկա միակ ոչ ամերիկացի մրցանակակիրը գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած թուրք գրող Օրհան Փամուկն էր:

Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Հորաս Էնդհալը իր ելույթում նշեց. - «Փամուկն ընթերցողներին ծանոթացնում է իր հարազատ քաղաքի` Ստամբուլի հետ, ինչպես Դոստոեւսկին էր ժամանակին Սանկտ Պետերբուրգը ներկայացնում, իսկ Ջեյմս Ջոյսը` Դուբլինը»: Ապա Շվեդական ակադեմիայի ներկայացուցիչը Օրհան Փամուկին ողջունեց թուրքերեն:

Օրհան Փամուկը Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդի ձեռքից ստացավ Նոբելյան կոմիտեի ոսկե մեդալը, որը նա արդեն խոստացել է փոխանցել 15-ամյա դստերը` Ռուային:

Թուրք գրողը դստեր հետ Ստոկհոլմ էր ժամանել Նյու Յորքից, ուր վերջին ամիսներին դասավանդում էր Կոլումբիա համալսարանում:

Անցած հոկտեմբերին, երբ Նոբելյան հանձնաժողովը հրապարակեց իր որոշումը, Փամուկն արդեն Միացյալ Նահանգներում էր: Ամերիկացի լրագրողներին նա ասում էր, թե ցնցված է եւ չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչն է իր գրքերում հրապուրում մարդկանց, ինչո՞ւ են մարդիկ կարդում դրանք, ինչո՞ւ են դրանք թարգմանվել արդեն 46 լեզուներով:

Առաջիկայում այդ լեզուներին կավելանա եւս մեկը` հայերենը: Ինչպես մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր Հայաստանի գրողների միության նախագահ Lեւոն Անանյանը, Փամուկի գործերը ոչ միայն կթարգմանվեն հայերեն, այլեւ միջազգային P.E.N. ակումբի միջոցով աշխարհահռչակ թուրք գրողը կհրավիրվի Հայաստան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG