Մատչելիության հղումներ

Հարձակման է ենթարկվել ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը


Այսօր անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը:

«Երվանդ Քոչարի 19/6 հասցեի բակում տեղի է ունեցել հարձակում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի վրա 2 անհայտ անձանց կողմից», - ասված է ՀՌԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Կուսակցության ղեկավար անդամ Կարեն Կակոյանը «Ազատություն» ռադիոկայանին միջադեպի կապակցությամբ փոխանցեց, մասնավորապես, հետեւյալը. - «Դեպքը եղել է 17-ն անց 15 րոպե. երկու անհայտ անձինք հարձակվել են եւ սկսել են հարվածել պարոն Առաքելյանին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Երբ [մոտակա] խանութի աշխատողները դուրս են վազել, հարձակվողները փախել են: Խանութի աշխատողները նաեւ ասացին, որ այդ երկու անձինք երկար ժամանակ այդտեղ ման են եկել, սպասել են հարմար առիթի: Սեւ բաճկոններով, սպորտային հագուստներով անձնավորություններ են եղել»:

Կակոյանի փոխանցմամբ, Առաքելյանը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանությունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG