Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը գրում է. - «Այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրաշարժի 18-ամյա տարելիցի առիթով կմեկնի Գյումրի: Մեր տեղեկություններով, աղետի գոտում նախագահին անօթեւան եւ վթարային շենքերում բնակվող գյումրեցիների մի հսկա բանակ է սպասում: Պաշտոնական տվյալներով, ներկայումս Գյումրիում 4150 անօթեւան կա»:

«Նրանք, ովքեր Վիկտոր Դալլաքյանին հրապուրում էին դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, հասան այն նպատակին, ինչին ուզում էին», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: Նրանց խնդիրը, ըստ թերթի, «հանրությանը ցույց տալն էր, թե ո՞վ է իրականում «սկզբունքային» այս գործիչը»: «Եվ հիմա, «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից մերժված, եւ մեր մեջ ասած՝ փչացված, Դալլաքյանը սկսել է քսմսվել Սերժ Սարգսյանին», - պնդում է «Հայկական ժամանակ»-ը՝ եզրակացնելով. - «Դալլաքյանի պատկերացմամբ սա քաղաքական լուրջ քայլ է, որով ինքը ուղղակի ուզում է վրեժ լուծել Գագիկ Ծառուկյանից, որ՝ ահա դու ինձ քցեցիր, ես էլ կգնամ քո հակառակորդի մոտ»:

«168 ժամ»-ը տեղեկացնում է, որ հակակրիմինալ շարժումը փակ նիստ է գումարել, որի ժամանակ այլ հարցերի թվում քննարկել է նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առաջարկությունը՝ հակակրիմինալի կազմից «Օրինաց երկիր» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները հանելու մասին, քանզի նրանք գրեթե չեմ մասնակցում շարժման աշխատանքին: Ըստ թերթի, «որոշվել է զրուցել ՕԵԿ-ի հետ եւ պարզել այդ կուսակցության հստակ դիրքորոշումը հակակրիմինալ շարժման վերաբերյալ»:

Ղարաբաղյան կարգավորման խնդրի ենթատեքստում դրված՝ «Հնարավո՞ր է հանգուցալուծումը ընտրությունների շրջանում» հարցին ի պատասխան «Հայոց Աշխարհ» թերթն այսօր նկատել է. - «Ներկա բանակցային գործընթացի թերեւս ամենախոցելի կողմը արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ երկու երկրների հասարակության խիստ անբավարար իրազեկվածությունն է։ Նախկինում դա լիովին հասկանալի էր՝ տարիներ շարունակ ծավալվող բանակցությունների գաղտնիության պատճառով, սակայն այժմ` երբ, թվում է, պետք է բացվեն բոլոր փակագծերը, վրա են հասնում ընտրությունները: Ստեղծվում է մի կացություն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ լուրջ քննարկումների ծավալման ցանկացած փորձ անխուսափելիորեն տեղափոխվելու է իշխանության համար ծավալվող ներքաղաքական սուր պայքարի հարթություն՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ»։

Նույն թերթի մեկնաբանը այսօր, գնահատելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հնարավոր վարքագիծը, կանխատեսել է. - «Ընդդիմությունն ամեն դեպքում ընտրությունների կգնա մի քանի շարասյունով, ըստ որում՝ իշխանությունը նույնիսկ կարիք չի ունենա մասնատել նրանց. իրենք են աչքի առաջ մասնատվում: Ընդդիմության առաջնորդների գերակշիռ մասը, անգամ եթե ձեւավորվի ինչ-որ ընդհանուր ճակատ, միեւնույն է, մի կողմից՝ կձգտեն ապահովագրվել եւ այդ նպատակով կպահպանեն շփումները նախագահականի հետ, իսկ մյուս կողմից՝ կփորձեն տակից հարվածել միմյանց, որպեսզի թույլ չտան մեկն ու մեկին առաջ պոկվել»։

Վկայակոչելով ադրբեջանական «Analitika.az» էլեկտրոնային պարբերականի հովածը` «Ժամանակ - Երեւան» թերթի մեկնաբանն այսօր պնդել է, թե 2007 թվականի գարնանից Հայաստանում կգործի Կրեմլի համար անակնկալ մի սցենար, ինչը «կավարտվի Սերժ Սարգսյանի ձեռքով Ռոբերտ Քոչարյանի զոհաբերությամբ». - «Այսինքն, Աբաշիձեի եւ Ակաեւի օրինակով Քոչարյանը ժամկետից շուտ գահից կզրկվի ու կմեկնի Մոսկվա, իսկ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն։ Իսկ երբ ամեն բան կավարտվի՝ սենատոր Ջոն Մաքքեյնը հանդես կգա հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման միջնորդ»։ Բայց ամենահետաքրքիրը, ըստ այդ սցենարի, կսկսվի 2008-ի ուշ ամռանը. - «Հայաստանից կհանվեն ռուսական բազաները՝ փոխարինվելով ՆԱՏՕ-ական Լեհաստանի զորքերով՝ ինչը, իբր, հայմաձայնեցվել է լեհ սպաների՝ վերջերս Երեւան ժամանելու եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG