Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ի նոր սեփականատերը չի շտապում հստակ հայտարարություններ անել ներդրումների, սակագների վերաբերյալ


«ՎիմպելԿոմ» ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում վստահեցրեցին, թե իրենք «առաքելությունն ու նպատակը որակյալ կապ, ծառայությունների լայն ընտրանի ապահովելն է»: «ԱրմենՏել»-ի նոր սեփականատիրոջ ներկայացուցիչները, սակայն, հստակ պատասխաններ չտվեցին գնային քաղաքականությանը, ներդրումներին վերաբերող հարցերին:

Անցած ամիս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել էր, որ մատուցվող բոլոր ծառայությունների համար գործող սակագները անփոփոխ կմնան մինչեւ 2007 թվականի մարտի 1-ը:

«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը, հարցին, թե մարտի 1-ից հետո բարձրանալո՞ւ, թե՞ իջնելու են սակագները, արձագանքեց. - «Դա պայմանավորված է շուկայում առկա մի շարք` այդ թվում նաեւ սուբյեկտիվ գործոններով»:

«ՎիմպելԿոմ» ընկերության կորպորատիվ զարգացման հարցերով փոխնախագահ Վլադիմիր Ռյաբոկոն այս առնչությամբ ասաց. - «Բնականաբար, սակագների փոփոխություն կլինի` կամ կբարձրանան, կամ կիջնեն»:

«ԱրմենՏել»-ի նոր սեփականատերերը անդրադարձան նախկին սեփականատերերի սխալներին` հայտարարելով. - «Միանշանակ, մենք չենք ուզում կրկնել նախկին սեփականատիրոջ սխալները»:

«ՎիմպելԿոմ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը եւ «ԱրմենՏել»-ի նորանաշանակ տնօրենը հրաժարվեցին պատասխանել նաեւ ներդրումներին վերաբերող հարցերին:

Նրանց խոսքերով, դեռեւս քննարկման փուլում է նաեւ Հայաստանի կառավարության առաջարկը` վաճառել իրեն պատկանող 10 տոկոս բաժնետոմսերը` մենաշնորհից հրաժարվելու դիմաց:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG