Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Բանակցություններն արգելակող հարցը ոչ Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետներն են եւ ոչ էլ Լաչինի վերադարձը»


Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «չհամաձայնեցված մնացած մեկ հարցը» ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետներն են եւ ոչ էլ Լաչինի միջանցքը Ադրբեջանին վերադարձնելը: Ինչպես ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, «այդ վարկածներից ոչ մեկը բանակցությունները արգելակող հարցը չէ»:

Նա նշել է, թե «մեծ հաճույքով» կբացահայտեր, թե որն է այդ հարցը, սակայն «որքան ավելի քիչ են մնում կետեր, որոնց շուրջ մենք չենք համաձայնեցնում մեր դիրքորոշումները, այնքան պետք է պահպանել գաղտնիությունը՝ թե ադրբեջանական եւ թե հայ հանրության զգայնությունը հաշվի առնելու համար»:

«Երբ ձեռք կբերվի այն, ինչը կոչվում է ընդհանուր հասկացողություն, այդ թեման լայնորեն կքննարկվի հասարակությունում, քանի որ առանց հասարակության աջակցության դժվար է խոսել երկարաժամկետ խաղաղության մասին», - վստահեցրել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Անցած շաբաթավերջին Մամեդյարովը ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կա 8-9 սկզբունք, որոնց մեծամասնությունը մենք համաձայնեցրել ենք, եւ հիմա կարելի է ասել, որ մնում է մեկ հարց»:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իր հերթին, երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, թե «վստահ չէ, որ ընդամենը մեկ հարց է մնացել չհամաձայնեցված»:

«Իհարկե, որոշ բավական ծանր հարցերի շուրջ դիրքորոշման մոտեցում կա, բայց որովհետեւ այս բանակցությունները բազմաշերտ են` կան սկզբունքներ, եւ կան նաեւ որոշ մանրամասներ, դժվար է իսկապես թիվ դնել եւ ասել... մեկն [հարց] է մնում: Ես, իսկապես, դժվարանում եմ նման գնահատական տալ: Իրեն [Մամեդյարովին] պետք է հարցնել», - շեշտել էր Վարդան Օսկանյանը եւ հիշեցրել, որ ԵԱՀԿ-ում գործում է հետեւյալ չգրված սկզբունքը` «ոչինչ չի կարելի համաձայնեցված համարել, մինչեւ ամեն ինչ համաձայնեցնելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG