Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Նախարարների խորհուրդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է անում «կրկնապատկել ջանքերը»


ԵԱՀԿ-ի Նախարարների խորհուրդը հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` նշելով, որ 2006 թվականի ընթացքում բանակցությունները «կողմերին մերձեցրել են համակարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությանը», եւ կոչ անելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` գալիք տարվա ընթացքում «կրկնապատկել այդ սկզբունքները վերջնական տեսքի բերելուն ուղղված ջանքերը»:

«Մեզ ոգեւորում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջորդությամբ եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի աջակցությամբ 2006 թվականին ընթացած բանակցությունները կողմերին մերձեցրել են Լեռնային Ղարաբաղի համակարտության լուծման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությանը», - ասված է երեքշաբթի օրը տարածված հայտարարությունում: - «Մենք ողջունում ենք այս ջանքերին Մեծ Ութնյակի առաջնորդների աջակցությունը, ինչի մասին նրանք հայտարարեցին Սանկտ Պետերբուրգում հուլիսին կայացած գագաթնաժողովում»:

Նախարարների խորհուրդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորում է գալիք տարվա ընթացքում «կրկնապատկել նշված հիմնական սկզբունքները հնարավորին արագ վերջնական տեսքի բերելուն ուղղված իրենց ջանքերը»:

«Կոչ ենք անում կողմերին, միջազգային հանրության աջակցությամբ, գործակցաբար բնապահպանական օպերացիա իրականացնել հրդեհների մարման ու դրանց վնասակար հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ: Այդ միջոցառումները կարող են նշանակալի քայլեր դառնալ կողմերի միջեւ վստահության վերականգնման առումով», - հայտարարության մեջ ասում են ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները` հավաստիացնելով, որ կազմակերությունը պատրաստ է սատարել այդ միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG