Մատչելիության հղումներ

Մամեդյարովը համանախագահների հետ քննարկել է «մոտալուտ հեռանկարի ծրագրերը»


Բրյուսելում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թաիր Թաղիզադեն, «հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը, մոտալուտ հեռանկարի ծրագրերը»:

Միաժամանակ, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդագրության, չնայած Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստման աշխատանքին՝ այն չի կայացել նախարարների «աշխատանքային ժամանակացույցները չհամընկնելու պատճառով»:

Մամեդյարովը նաեւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում, որում, մասնավորապես, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 10-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին՝ անվանելով այն «ապօրինի» եւ հայտարարելով, թե այդ հանրաքվեն կարող է բացասական ազդեցություն ունենալ խաղաղ բանակցությունների վրա:

Ադրբեջանի արտգործնախարարը անհրաժեշտ է համարել հանրաքվեին ադրբեջանցիների մասնակցությունը, «որոնք փախստական են դարձել եւ պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ»:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելում Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել էր երեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG