Մատչելիության հղումներ

ՎՈՒԱՄ-ի արտգործնախարարները մտահոգված են Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի կապակցությամբ


ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի արտաքին գործերի նախարարները «լուրջ մտահոգություն» են հայտնել դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ՝ պնդելով, թե այն «խախտում է շարունակվող խաղաղ գործընթացը, անցկացվում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման նպատակով եւ մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, ՎՈՒԱՄ-ի արտգործնախարարների խորհուրդը իր ընդունած հայտարարությունում նշել է, թե հանրաքվեի անցկացումը «Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության, միջազգային նորմերի եւ սկզբունքների ոտնահարում է, հետեւաբար չի կարող որեւէ իրավական նշանակություն ունենալ, եւ դրա արդյունքները կհամարվեն անվավեր»:

Չորս երկրների արտգործնախարարների կարծիքով, «Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնավարություն նախատեսող ցանկացած սահմանադրական փաստաթուղթ կարող է մշակվել իրավական, ժողովրդավարական եւ խաղաղ գործընթացի շրջանակներում՝ լիակատար, հավասար եւ անմիջական մասնակցությամբ տարածաշրջանի ամբողջ բնակչության, որը բաղկացած է ադրբեջանական եւ հայկական համայնքներից»:

ՎՈՒԱՄ-ի արտգործնախարարների խորհուրդը կոչ է անում ԵԱՀԿ-ի անդամ երկրներին եւ միջազգային կազմակերպություններին «դատապարտել նմանօրինակ ապօրինի գործողությունները եւ սատարել շարունակվող ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ նրա՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG