Մատչելիության հղումներ

Նիկոլաս Բերնս. «Եվրոպան չի կարող ամբողջական լինել առանց Թուրքիայի»


ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերսը երեկ Բրյուսելում ԵԱՀԿ֊-ի նախարարների խորհրդի տարեկան նիստում հայտարարել է, թե «Եվրամիությունը ռազմավարական սխալ կգործի, եթե փակի դռները Թուրքիայի առջեւ»:

Նրա խոսքերով, Վաշինգտոնը միանշանակ եւ անվերապահորեն աջակցում է Անկարային Եվրամիությանն անդամակցելու հարցում:

«Մենք սա համարում ենք ռազմավարական որոշում: Թուրքիան եվրոպական երկիր է, Եվրոպան չի կարող ամբողջական լինել առանց Թուրքիայի: Մենք հուսով ենք, որ առկա զանազան խնդիրները լուծում կստանան», - ասել է Բերնսը:

«Ամենամեծ մահմեդական աշխարհիկ դեմոկրատիայի՝ Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին անցյալ տարի ընդունած որոշումը 21-րդ դարում Եվրոպայի կայացրած կարեւորագույն վճիռներից մեկն էր», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը:

Նրա համոզմամբ, «Թուրքիան կամուրջ է Արեւմուտքի եւ մահմեդական աշխարհի միջեւ»:

DPA գործակալության փոխանցմամբ, Նիկոլաս Բերնսն այդ հայտարարությամբ է հանդես եկել, երբ երեկ Եվրահանձնաժողովը Գերմանիային եւ Ֆրանսիային հորդորել է Թուրքիային չներկայացնել նոր նախապայմաններ Կիպրոսի հետ հաղորդակցությունը վերականգնելու խնդրում:

Այսօր գերմանական Մեթլախ ավանում հանդիպում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին: Ենթադրվում է, որ Մերկելը եւ Շիրակը կհայտարարեն, որ Թուրքիայի նկատմամբ անհրաժեշտ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել:

DPA-ն նշում է, որ Թուրքիային սատարում են Մեծ Բրիտանիան, Սկանդինավյան երկրները, Իսպանիան, Իտալիան, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովը:

Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերաբերյալ վերջնական որոշումը Եվրամիությունն ընդունելու է դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG