Մատչելիության հղումներ

Ջավախահայ ակտիվիստը դատապարտվեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման եւ արտաքսվեց Հայաստանից


Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը երկուշաբթի օրվա դատավճռով Հայաստանի պետական սահմանը ապօրինի կերպով հատելու մեղադրանքով 1,5 տարվա պայմանական ազատազրկում սահմանեց Վրաստանի քաղաքացի, «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության ան?դամ Վահագն Չախալյանի նկատմամբ:

Ըստ ներկայացված մեղադրանքի, Չախալյանը վրաց-հայկական սահմանը հատել է առանց վավեր վրացական անձնագրի:

Դատարանը որոշեց, որ Չախալյանը պետք է վերադառնա Երեւան՝ իր ժամանակավոր բնակության վայրը, եւ մնա այնտեղ մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը: Այնուհանդերձ, ըստ ականատեսների, դատավճռի հրապարակումից քիչ անց Երեւան վերադարձող Չախալյանին կանգնեցրել են Շիրակի ոստիկանության աշխատակիցները եւ հայտարարել, թե նրան երկրից անմիջապես արտաքսելու հրաման ունեն: Չախալյանի հղի կնոջը Երեւանից վերցնելու եւ հաջորդ օրը Ջավախք մեկնելու՝ առաջարկված տարբերակը մարզային ոստիկանության պետը կտրականապես մերժել է, եւ ոստիկանները Չախալյանին ուղեկցել են մինչեւ Վրաստանի սահմանը:

Չախալյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ոստիկաններն իրեն ցույց են տվել արտաքսման մասին գրավոր կարգադրություն՝ ստորագրված Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից:

24-ամյա Վահագն Չախալյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 11-ին, երբ ծնողների, եղբոր եւ «Միասնական Ջավախք»-ի մեկ այլ ներկայացուցչի՝ Գուրգեն Շիրինյանի հետ ավտոմեքենայով ժամանելով Հայաստան՝ Երեւանի մոտակայքում անծանոթների կողմից ծեծի էր ենթարկվել: Շիրինյանը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Երկու շաբաթ անց, ջավախահայերի, հայաստանյան մի շարք կազմակերպությունների եւ Հայաստանի Ազգային ժողովի 16 պատգամավորների բողոքից հետո, Չախալյանը ազատ էր արձակվել: Հայաստանյան ընդդիմադիր պատգամավորները երկրի իշխանություններին մեղադրում էին այդ առիթը Վրաստանի կառավարությանը հաճոյանալու համար օգտագործելու մեջ:

«Կրկնում եմ, որ ես երբեք ապօրինի չեմ հատել Հայաստանի Հանրապետության սահմանը», - հայտարարեց Չախալյանը դատարանում իր վերջին խոսքում:

Չախալյանի մայրը՝ Գայանե Չախալյանը, որպես վկա ցուցմունքներ տալով դատարանում, մեղադրող կողմից պահանջեց բացատրել, թե ինչո՞ւ միեւնույն մեղադրանքները չեն ներկայացվում իր եւ ավտոմեքենայով իրենց հետ Հայաստան ժամանած մյուս երեք անձանց դեմ, եւ համոզմունք հայտնեց, որ այս գործի միակ թիրախը եղել է որդին՝ իր քաղաքական հայացքների համար:

Պաշտպան Հայրապետյանը, իր հերթին, փաստեց, որ սահմանը եւ մաքսակետը հատելիս նրանք որեւէ խնդիր չեն ունեցել:

Չախալյանի համակիրները այս դեպքը կապում են այն հանգամանքի հետ, որ «Միասնական Ջավախք»֊-ը հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 5-ին Ջավախքում կայացած տեղական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ընտրություններից հետո «Միասնական Ջավախք»-ը Ախալքալակում նախաձեռնել էր բողոքի ակցիաներ՝ ցույցեր, հանրահավաքներ:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG