Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. - «Արդեն բավական ժամանակ է, ինչ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը բան ու գործ թողած զբաղվում է նախընտրական քարոզչությամբ: Հանկարծ հիշել է, որ զինծառայողները նաեւ հարազատներ ունեն, եւ գյուղեգյուղ ընկած հանդիպում է նրանց հետ, Հանրային ռադիոյով ամեն օր պատասխանում է հարցերին, շախմատիստներին հետեւը գցած այստեղ-այնտեղ հանդիպումներ է ունենում, ջրագիծ-բան է բացում եւ այլն»: «Մի խոսքով, նախընտրական քարոզչությունը ընթանում է ամբողջ թափով», - եզրակացնում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, թե «Հանրապետական կուսակցությունը այնքան չի կասկածում 2007-ի իր վերարտադրության ու 2008-ին էլ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու վրա, որ արդեն պաշտոններ է բաժանում»: Թերթի ունեցած տեղեկություններով, «վերջերս Ռուսաստանի Դաշնությունում աշխատող 20 հայ գործարարի Հայաստան բերած Կալուգայի հայ գործարար Սամվել Կարապետյանը, որը «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է, ՀՀԿ-ի վերնախավի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՌԴ-ում հայկական կապիտալը 2007-ին եւ 2008-ին կաշխատի Հանրապետական կուսակցության համար՝ պայմանով, որ նախագահական ընտրություններից հետո իր եղբայր Կարենը դառնա վարչապետ»: «Ըստ տեղեկությունների, նախագահ դառնալու մտադրություն ունեցող Սերժ Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ դառնալ ցանկացող Անդրանիկ Մարգարյանը Սամվել Կարապետյանին ասել են, որ եթե ՌԴ-ի հայ գործարարները իրենց փողերով ՀՀԿ-ին օգնեն այնքան, որ իրենք ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունենան, մնացած բոլոր հարցերը լուծելի են», - գրում է թերթը:

«Հայք»-ը տեղեկացնում է, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «փորձում է իր կողմը գրավել Հայաստանի ամենաազդեցիկ հասարակական կազմակերպությանը՝ Երկրապահ կամավորականների միությունը»: «Դեկտեմբերի 9-ին նախատեսված էր ԵԿՄ-ի հերթական համագումարը, որի ընթացքում, մեր տեղեկություններով, հստակեցվելու էին կազմակերպության հետագա գործողությունները՝ մասնավորապես ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման եւ խորհրդարանի առաջիկա ընտրությունների ժամանակ», - գրում է թերթը: Ըստ «Հայք»-ի, «Սերժ Սարգսյանը, որը ԵԿՄ-ի վարչության անդամ է, արդեն նախքան համագումարն է փորձում համապատասխան բարենպաստ մթնոլորտ ստեղծել իր համար». - «ԵԿՄ-ի առավել ընդդիմադիր եւ մարտականորեն տրամադրված ներկայացուցիչներին սիրաշահելու նպատակով նա անթիվ-անհամար խոստումներ է տալիս ազատամարտիկներին՝ բնակարանային խնդիրների լուծում, սոցիալական պայմանների բարելավում եւ այլն»:

Արձանագրելով, որ «Կարս - Ախալքալաք - Թբիլիսի - Բաքու» երկաթուղու շինարարությունն այլեւս «չոր փաստ է, որն ուզեն, թե չուզեն՝ Հայաստանում պետք է արձանագրեն»` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր շեշտադրել է. - «Փաստորեն, չօգնեցին ոչ Օսկանյանի դիվանագիտական խորհրդատվությունները, ոչ էլ Քոչարյանի եւ մնացյալների ջանքերը: Այս ողջ ընթացքում պաշտոնական Երեւանի հակազդեցությունը հիշյալ նախագծին սկսվել եւ ավարտվել է ընդամենը դրա տնտեսական նպատակահարմարությունը ժամանակ առ ժամանակ հեգնախառն կասկածի տակ առնելուց ու մեկ էլ՝ այն իրողության հրճվալի արձանագրումից, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, «ի շահ Հայաստանին չմեկուսացնելու», որոշել են չմասնակցել «Կարս - Ախալքալաքի» ֆինանսավորմանը։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունների համար մտահոգիչն այստեղ ոչ թե մեր երկիրը շրջանցող այս հերթական տրանսազգային նախագծի բուն կենսագործումն է, այլ հանգամանքը, որ ամերիկացիներն ու եվրոպացիները դրա համար փող չեն տալիս»։

Փաստելով, որ «ՀՀԿ - «Բարգավաճ Հայաստան» «ախոյանների մրցավազքին պատրաստվում են միանալ նորանոր միավորներ», եւ որ «շուտով ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին նեղելու են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, այլ լրացուցիչ թիմեր, որոնք «նախագահական կախարդական փայտիկի» մեկ շարժումով ակնթարթորեն կօժտվեն ե՛ւ ֆինանսական, ե’ւ վարչական պատկառելի ռեսուրսներով, ե՛ւ ստվար շարքերով»` «Իրավունք»-ի գլխավոր խմբագիրը շեշտել է. - «Բազմաշերտ ու բազմապիսի ներիշխանական ինտրիգները բազմապատկվել են, լարվում են խուճուճ որոգայթներ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, եւ այդ պալատական խաղերը այն աստիճանի խճճված են եւ դրանցում խաղարկվող խաղագումարները այնքան խոշոր են, որ դրանց մասին անուղղակի պատկերացում կարելի է կազմել հիմնականում պաշտոնյաների արձագանքներից»: Իսկ այդ արձագանքները, ըստ թերթի` «հաճախ բավականին նյարդային են». - «Պաշտոնյաները սկսել են միկրոսկոպով ուսումնասիրել ինչպես իրենց հակառակորդների հրապարակային ելույթները, այնպես էլ մամուլի հրապարակումները»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG