Մատչելիության հղումներ

ՎՈՒԱՄ-ի տարածքում «սառեցված հակամարտությունների» հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այսօր չի քննարկվի


ՎՈՒԱՄ-ի տարածքում «սառեցված հակամարտություններին» առնչվող հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այսօր չի քննարկվի: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, Վրաստանում տեղի է ունեցել ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների համակարգողների հավաքը, եւ ՄԱԿ-ում այդ երկրների դեսպանները իրեն տեղեկացրել են, որ հարցի քննարկումը տեղափոխվել է հաջորդ տարի:

ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի ներկայացրած հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է սեպտեմբերին:

ՎՈՒԱՄ-ի տարածքում հակամարտություններին վերաբերող հարցի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտնելու օգտին էին քվեարկել 16 երկրներ, այդ թվում՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները: Դեմ էր արտահայտվել 15 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Հունաստանը, Ալժիրը, Ինդոնեզիան եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը:

Արմեն Մարտիրոսյանը պատահական չի համարում հարցի քննարկման հետաձգումը, քանի որ, նրա գնահատմամբ, փաստաթուղթը բավական վիճահարույց է:

«ՄԱԿ-ի անդամ երկրները հակված չէին, եւ, ընդհանուր առմամբ, կար այդ մտահոգությունը, որ դժվար է, եթե ոչ՝ անհնար, քննարկել 4 տարբեր հակամարտություններ մեկ բանաձեւի շրջանակներում, մանավանդ որ բանաձեւի հեղինակները փորձ էին անում մեկ որոշմամբ փորձել լուծումներ գտնել 4 հակամարտություններին», - ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ վերաբերմունքը դեպի ներկայացված բանաձեւը կառույցում «շատ զգուշավոր է»:


Հովհաննես Շողիկյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG