Մատչելիության հղումներ

Կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունները


Ուրբաթ օրը Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների` Անդրանիկ Մարգարյանի եւ Միխայիլ Ֆրադկովի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ:

Հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետը լրագրողներին ասաց, որ բարձր է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները:

«Մեր առեւտրատնտեսական հարաբերությունները արագ զարգանում են: Այսօր մենք քննարկել են մի շարք կոնկրետ հարցեր ու ծրագրեր», - ասաց նա` հավելելով, որ «շատ լավ» է անցել Հայաստանի տարին Ռուսաստանում եւ «բազմաթիվ գործարար եւ գիտական շփումներից դրական արդյունքներ, անշուշտ, կլինեն»:

Անդրադառնալով նախագահ Պուտինի` վերջերս արած հայտարարությանը, թե «ամոթ է, որ Ռուսաստանն ընդամենը երրորդ տեղում է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների հարցում», Ռուսաստանի վարչապետը հույս հայտնեց, որ իրավիճակը շուտով կշտկվի` բերելով «ԱրմենԱլ»-ի, «Վնեշտորգբանկ»-ի, «ՎիմպելԿոմ»-ի գործարքների օրինակները:

Ի պատասխան լրագրողներից մեկի` Վրաստանի տարածքով Հայաստան առաքվող բնական գազի մատակարարումներին վերաբերող հարցին, Ֆրադկովը ասաց, թե «ռուսաստանյան կողմը մտահոգված է ռուս-վրացական հարաբերություններում ստեղծված իրավիճակով»:

Ռուսաստանի վարչապետը հավելեց, որ այդ հարցը այսօր մանրամասն չի քննարկվել եւ հույս հայտնեց, որ «դրա կարիքը չի լինի»:

«Եթե իրավիճակը վատթարանա, ապա ռուսաստանյան կողմը օպերատիվ ծառայությունների հետ համատեղ ստիպված կլինի ձեռնարկել համալիր միջոցառումներ, բայց հուսով եմ, որ գործը դրան չի հասնի», - ասաց Ֆրադկովը:

Հանդիպմանը ընթացքում հայկական կողմը մտահոգություն է հայտնել նաեւ վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցների նկատմամբ բռնության հաճախակի դեպքերի կապակցությամբ: Ընդգծելով, որ թեեւ այդ գործողություններն ուղղված չեն հատկապես հայերի դեմ, շեշտվել է, որ արդեն չի կարելի չընդունել դրանց էթնիկ ուղղվածությունը:

Ազգային անհանդուրժողականության այլանդակ դրսեւորումները բացառելը ՀՀ-ի եւ ՌԴ-ի համար համարվել է երկուստեք պատասխանատվության խնդիր, քանզի դրանք հղի են բացասական հետեւանքներով եւ նախորդ սերունդների կուտակած հոգեւոր ներուժի կորստով:

Այսօր երեկոյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Մոսկվայում կայցելի նաեւ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն, իսկ դեկտեմբերի 2-ին վարչապետի ղեկավարած կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Ռուսաստանում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG