Մատչելիության հղումներ

Լիբանանում հակակառավարական հզոր շարժում է սկսվել


Այսօր Բեյրութում շուրջ երկու հարյուր հազար ցուցարարներ հավաքվել են Նահատակների հրապարակում` պահանջելով վարչապետ Ֆուադ Սինիորայի կառավարության հրաժարականը: Սինիորան հայտնի է որպես հակասիրիական դիրքորոշման գործիչ:

Լիբանանում ներքաղաքական ճգնաժամը սրվել է նոյեմբերի 21-ին Բեյրութի քրիստոնեական թաղամասում արդյունաբերության նախարար Պիեր Ժմայելի սպանությունից հետո: Նախարարը Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելի որդին էր:

Գերմանական ԴՊԱ գործակալության փոխանցմամբ, հանրահավաքի մասնակիցները Նահատակների հրապարակ են բերել Լիբանանի դրոշները, կատարում են երկրի օրհներգը, վանկարկում են հակակառավարական կարգախոսներ: Պաստառներին գրված է երկու կարգախոս՝ «Պահանջում ենք ազգային միասնության կառավարություն» եւ «Ցանկանում ենք մաքուր կառավարություն»:

Շիա մահմեդականների երկու խմբավորումների՝ «Ամալի» եւ «Հըզբոլլահի» ներկայացուցիչները ԴՊԱ գործակալության թղթակցին հավաստիացրել են, որ ցուցարարների թիվը շուտով կհասնի մեկ միլիոնի:

Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Լիբանանի հայկական շրջանակներն ընդհանուր առմամբ չեն սատարում վարչապետին:

«Հայության պարագայում միանշանակ կեցվածք չկա: Հայությունն իր ներքին տարակարծություններով հանդերձ, կարելի է ասել, այս կառավարությունից գոհ լինելու պատճառներ չունի», - ասել է Քանդահարյանը: - «Այս կառավարությունն էր, որ համաձայնություն տվեց Լիբանանի հարավում թուրք խաղաղարարների տեղակայմանը, ինչը դժգոհություն է հարուցել համայնքի բոլոր շրջանակներում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG