Մատչելիության հղումներ

Հաշմանդամների իրավունքները մեր երկրում լավ չեն պաշտպանվում


Համապատասխան թեքահարթակները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, շատ շենքերի ու վերելակների դռները չափազանց նեղ են, իսկ ավտոբուսների կամ երթուղային տաքսիների մասին խոսելն ավելորդ է:

«Հայաստանը թեեւ ցանկանում է որդեգրել եվրոպական արժեքները, հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ շատ բան ունի անելու», - նկատում է Արմեն Ալավերդյանը: - «Կան շատ հաստատություններ, որոնք եվրոպական չափանիշներին համապատասխանող կառույցի տպավորություն ստեղծելու համար միայն անհարմար թեքահարթակ են պատրաստում մուտքի մոտ, մինչդեռ ներսում ոչինչ արված չէ սակավաշարժ մարդկանց տեղաշարժը հեշտացնելու համար»:

Դրության փոփոխությանը կարող է նպաստել օրենսդրական դաշտի բարելավումը: Այս տարվա մարտից իրականացվել է հաշմանդամների իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությանը վերաբերող ուսումնասիրություն-վերլուծություն:

Ազգային ժողովի փորձագետ Մարինե Հակոբյանը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության եւ «Առաքելություն Արեւելք» միջազգային մարդասիրական օգնության կազմակերպության նախաձեռնությամբ ուսումնասիրել է հաշմանդամների իրավունքներին առնչվող 47 օրենք՝ համեմատելով դրանք 12 միջազգային կոնվենցիաների հետ:

Բացի այն, որ օրենքները շատ հաճախ` նորմատիվ ակտերի թերի լինելու պատճառով, չեն կիրառվում, դրանցից շատերը, փորձագետների կարծիքով, անհեթեթ են: Օրինակ, հաշմանդամ գործազուրկը չի ստանում գործազրկության նպաստ, քանի որ ստանում է թոշակ հաշմանդամության համար: Իսկ մեկ այլ օրենք սահմանում է, որ անվասայլակով հաշմանդամը պետք է երթեւեկի մեքենաների համար նախատեսված հատվածով, որպեսզի չխանգարի հետիոտներին:

Կազմվել է նաեւ օրենսդրական բարեփոխումների առաջարկ֊-փաթեթ, որը ներկայացվելու է կառավարություն եւ Ազգային ժողով:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG