Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Եթե Ալիեւը համարում է, որ վերջին փուլում ենք, Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին»


Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, եթե ադրբեջանական կողմը գտնում է, որ դրանք վերջին փուլում են՝ հայտարարել է այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Եթե նախագահ Ալիեւը համարում է, որ բանակցությունները վերջնական փուլում են, ապա անհապաղ պետք է տա իր համաձայնությունը, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, որովհետեւ առանց Ղարաբաղի մասնակցության գոնե վերջին փուլում հարցի կարգավորումն անհնար է»,֊ - փաստել է արտգործնախարարը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում:

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծիք էր հայտնել, թե Ղարաբաղի շուրջ բանակցությունները մտնում են վերջնական փուլ:

«Դժվար է ասել, թե ինչպիսի փուլում ենք, չէի ցանկանա ասել, թե վերջնական փուլում ենք»,֊ - Ալիեւի հայտարարությունն այսպես մեկնաբանեց Վարդան Օսկանյանը:

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման մասին` արտգործնախարարն այն «դրական եւ կառուցողական» անվանեց:

«Ամբողջական համաձայնություն չկա, թեեւ մերձեցումներ կան»,֊ - ասաց նա:

«Բանակցությունները փակուղում չեն, ինչը չէինք կարող ասել նախորդ հանդիպումներից հետո»,֊ - փաստեց արտգործնախարարը:

Նրա վկայությամբ՝ երկու երկրների նախագահները «շուտով հանձնարարականներ կտան արտգործնախարարներին, եւ նաեւ հստակ ուղեցույցներ կտրվեն, թե ինչ հարցերի վրա պետք է կենտրոնանալ եւ ինչպիսի դիրքորոշում որդեգրել՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար»:

Վարդան Օսկանյանը հայտնեց, որ դեկտեմբերի 3-֊4-֊ին Բրյուսելում մասնակցելու է ԵԱՀԿ-֊ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ Բրյուսելում հանդիպելու է Վարդան Օսկանյանի հետ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG