Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Վաղ է խոսել Իրան-Հայաստան գազատարը որեւէ օպերատորի փոխանցելու մասին»


«Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը դեռեւս չի ավարտվել, եւ դեռ վաղ է խոսել որեւէ օպերատորի, այդ թվում «Գազպրոմ»-ին, այն փոխանցելու կամ չփոխանցելու մասին», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի հարցազրույցում:

«Հայաստանը եւ Իրանը վաղուց են համագործակցում էներգետիկայի ոլորտում, եւ Իրան-Հայաստան գազատարը երկկողմ էներգետիկ առանցքային նախագծերից մեկն է», - ընդգծել է վարչապետը:

Ըստ Անդրանիկ Մարգարյանի, վերջին 15 տարիներին հայ-իրանական համագործակցությունը զարգանում է դրական հունով, երկու երկրների հարաբերությունները ձեւավորվում են կառուցողական երկխոսության եւ փոխադարձ վստահության հիման վրա:

«Մենք փոխշահավետ համագործակցություն ենք զարգացնում արդյունաբերության, էներգետիկայի, առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում», - նշել է Հայաստանի վարչապետը՝ ընդգծելով. - «Իրանը Հայաստանի համար այլընտրանքային ելք դարձավ դեպի արտաքին աշխարհ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակման պայմաններում»:

Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, որ «Հայաստանը ճանաչում է խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան զարգացնելու Իրանի իրավունքը եւ ելնում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը երկխոսության ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունից»:

«Մենք գտնում ենք, որ Իրանի շուրջ իրավիճակի սրումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար», - ասել է Հայաստանի վարչապետը եւ ամփոփել. -«Որքան արագ հանգուցալուծվի Իրանի շուրջ իրավիճակը, այնքան ավելի կշահեն տարածաշրջանի երկրները, որոնցում կհաստատվի խաղաղություն եւ կայունություն»:

«Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը հայկական երկաթուղու փոխանցման հնարավորությանն առնչվող հարցին Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել երկաթուղային հաղորդակցության ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին, եւ մրցույթի հայտարարման դեպքում «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունը, ինչպես եւ այլ ընկերություններ, իրավունք կունենան մասնակցել դրան. - «Որեւէ արտոնություն առանձին ընկերությունների համար չի լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG