Մատչելիության հղումներ

ANS-ը ետ է վերցրել Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի դեմ հայցը


Ադրբեջանական ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի երեք հիմնադիրները երկրի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի նախագահին դիմում են հղել` որում տեղեկացնում են, որ ի նշան բարի կամքի՝ ետ են վերցնում խորհրդի դեմ հայցը:

Հայցով վիճարկվում էր անցած շաբաթավերջին խորհրդի կայացրած որոշումը, որով դադարեցվել է ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը:

Իրենց դիմումում ադրբեջանական մեդիախմբի հիմնադիրները նշել են, որ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը նախորդ օրվա հեռուստատեսային հարցազրույցում «իր դիրքորոշումն է արտահայտել երկրում ժողովրդավարության եւ խոսքի ազատության առնչությամբ» եւ հայտարարել է, որ «ANS հեռուստաալիքի հեռարձակման շարունակումը հնարավոր է՝ օրենքներին խստիվ հետեւելու պայմանով»:

«Հուսով ենք, որ աջակցելով ժողովրդավարության եւ խոսքի ազատության բնագավառում Ադրբեջանի նախագահի բարեփոխումներին՝ դուք դրական կվերաբերվեք մեր դիմումին եւ կվերականգնեք ANS հեռուստատեսության եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը», - ասված է դիմումում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG