Մատչելիության հղումներ

Սաբինա Ֆրեյզեր. «Քոչարյանը եւ Ալիեւը անվճռական են փոխզիջումների հասնելու հարցում»


«Նախագահներ Ալիեւը եւ Քոչարյանը անվճռական են փոխզիջումների հասնելու հարցում, իսկ որ ամենից գլխավորն է՝ նրանք չեն պատրաստել հասարակությանը այդպիսի փոխզիջումների հնարավորությանը», - հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը ադրբեջանական APA գործակալության հարցազրույցում:

«Եթե գործը հասնի սկզբունքների համաձայնեցմանը, նախագահները պետք է բացատրեն ժողովրդին դրանց էությունը, եւ` թե ինչու է կարեւոր հասնել այդ փոխզիջումներին», - ասել է նա:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ այսօր Մինսկում կայանալիք հանդիպման առնչությամբ Սաբինա Ֆրեյզերը նշել է, որ այն անցնում է ԱՊՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում, եւ «դժվար է ենթադրել, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված»:

Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է նաեւ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին՝ հայտարարելով, թե «նման հանրաքվեների անցկացումը ընդունված է դարձել հետխորհրդային տարածքում»:

«Հնարավոր է, դրա պատճառ է դարձել հանրաքվեն Մոնտենեգրոյում: Սակայն Մոնտենեգրոյի դեպքը բացարձակապես նման չէ նախկին ԽՍՀՄ-ի տարածքի հակամարտային տարածաշրջաններում իրավիճակին, քանի որ Սերբիան նախապես արձանագրել էր, որ կճանաչի հանրաքվեի արդյունքները՝ ինչպիսին էլ դրանք լինեն», - ասել է Ֆրեյզերը եւ եզրակացրել. - «Հասկանալի է, որ հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում չի ճանաչվի միջազգային հանրությանը կողմից»:

Նա հայտնել է նաեւ, որ Միջազգային ճգնաժամային խումբը մտադիր չէ մինչեւ տարեվերջ հրապարակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր զեկույցներ, քանի որ վերջին շրջանում իրավիճակը այնտեղ չի փոխվել: Տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ նոր զեկույցը, ըստ Սաբինա Ֆրեյզերի, կպատրաստվի 2007 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG