Մատչելիության հղումներ

Այսօր Հելսինկիում գումարվում է Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովը


Ուրբաթ օրը Ֆինլանդիայի մայրաքաղաքում հանդիպում են Եվրոպական միության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները: Նախօրեին Բրյուսելից ստացված հաղորդագրության համաձայն, Եվրամիության 25 երկրների մշտական ներկայացուցիչները Լեհաստանի վետոյի հետեւանքով այդպես էլ չեն համաձայնեցրել Ռուսաստանի հետ շրջանակային պայմանագրի հարցը:

Այդ փաստաթուղթը ապագայում պետք է փոխարինի այժմ գործող «Ռուսաստանի եւ Եվրամիության գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը», սակայն երեկվա ձախողումը Բրյուսելում թույլ չի տա այսօր Հելսինկիում ասել, որ կողմերը սկսում են աշխատել նոր պայմանագրի վրա:

Լեհերը հայտարարել են, թե կհրաժարվեն վետոյից միայն այն դեպքում, եթե ռուսական կողմը վավերացնի Էներգետիկայի խարտիան եւ չեղյալ հայտարարի Ռուսաստան լեհական արտադրանքի, մասնավորապես, մսեղենի ներմուծման արգելքը:

Լեհերը պնդում են, որ այդ արգելքն «ազնիվ չէ, քանի որ լեհ արտադրողները պահպանում են սանիտարական բոլոր նորմերը»: Եվրամիության մասնագետներն էլ նույնն են պնդում: Սակայն Մոսկվան հինգշաբթի օրն արդեն կրկնել է, որ արգելքից չի հրաժարվում:

Վարշավան հայտարարել է, որ արգելքի հետեւանքով երկիրը տարեկան կորցնում է շուրջ 400 միլիոն եվրո:

Չնայած այս տարաձայնություններին՝ Հելսինկիի գագաթնաժողովն այսօր տեղի կունենա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ երեկ է մեկնել Հելսինկի:

Գագաթնաժողովի մասնակիցների թվում կլինի նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Լեհաստանի նախագահն ու վարչապետը՝ երկվորյակ եղբայրներ Լեխ եւ 3արոսլավ Կաչինսկիները, Հելսինկի չեն մեկնելու:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG