Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է «Վրաստանում հայ եւ ազերի փոքրամասնությունները» զեկույցը


Միջազգային ճգնաժամային խմբի` Վրաստանում հայ եւ ադրբեջանցի փոքրամասնություններին վերաբերող զեկույցում նշված է, որ Վրաստանի կառավարությունը պետք է «լուրջ քայլեր ձեռնարկի երկրի էթնիկապես հայկական եւ ադրբեջանական տարածքներում հակամարտություններից խուսափելու համար»:

Խմբի վերլուծաբան Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ ուսումնասիրության ընթացքում իրենք ավելի շատ կենտրոնացել են Վրաստանում ապրող հայերի ու ադրբեջանցիների քաղաքական իրավունքների վրա:

«Վրաստանը մեծ առաջընթաց չի արձանագրել իր բնակչության 12 տոկոսը կազմող այս փոքրամասնություններին ինտեգրացնելու ուղղությամբ», - ասված է զեկույցում: - «Հայերն ու ադրբեջանցիները լավ ներկայացված չեն հանրային կյանքի որեւէ բնագավառում, հատկապես` կառավարությունում: Իսկ նրանց եւ Թբիլիսիի միջեւ երկխոսության պակասը էլ ավելի է ուժեղացնում խտրականության եւ օտարացման ընկալումները»:

«Սամցխե-Ջավախք շրջանում, որտեղ հայերը կազմում են մոտավորապես 55 տոկոս, հիմնականում իշխանության պաշտոններում գտնվում են վրացիներ եւ ոչ թե հայեր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զուրաբյանը: - «Պատճառները շատ են... Խնդիրներից մեկը նաեւ փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանում պատշաճ հանդուրժողականության մշակույթի բացակայությունն է»:

Զուրաբյանի փոխանցմամբ` Վրաստանում ապրող հայերի եւ ադրբեջանցիների ինտեգրացման համար լուրջ խոչընդոտ է նաեւ լեզվի չիմացությունը: Ե’վ Ջավախքում, ե’ւ Քվեմո-Քարթլիում հայերն ու ադրբեջանցիները լավ չեն տիրապետում վրացերենին, մինչդեռ, Վրաստանի օրենսդրության համաձայն, վրացերենի իմացությունը պետական պաշտոն զբաղեցնելու համար պարտադիր պայման է:

«Բնական է, որ նման քաղաքականության հետեւանքով փոքրամասնությունները ավելի շատ են զրկվում պաշտոններից եւ դուրս մնում քաղաքական կյանքից: Սա շատ լուրջ դժգոհություն է առաջացրել», - ասաց Զուրաբյանը:

«Թեեւ վտանգ չկա, որ իրավիճակը կարող է Օսեթիայի եւ Աբխազիայի նման սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, այնուամենայնիվ, Սամցխե-Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիում լարվածությունն ակնհայտ է», - ասված է զեկույցում:

Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, չնայած Վրաստանում մտավախություն կա, որ հայերի եւ ադրբեջանցիների պահանջները կարող են անջատողական քայլերի հանգեցնել, այնուամենայնիվ, Ջավախք կատարած իր այցելության ընթացքում ինքը չի հանդիպել մեկին, ով Վրաստանից առանձնանալու ցանկություն ունենար: Հայերի պահանջներն այլ են. - «Պահանջում են ինքնավարություն: Իհարկե, տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում այդ բառի տակ»:

Նրա խոսքերով, կան մարդիկ, ովքեր դա ընկալում են որպես լիակատար քաղաքական ինքնավարություն, եւ կան այնպիսիները, ովքեր նկատի ունեն «լեզվամշակութային ինքնավարությունը»:

Ստեղծված լարվածությունը մեղմելու եւ փոքրամասնությունների ինտեգրացման խնդիրները լուծելու նպատակով Միջազգային ճգնաժամային խումբը իր զեկույցում մոտ 2 տասնյակ առաջարկություններ է ներկայացրել Վրաստանին:

Օրինակ, խումբը Վրաստանի իշխանություններին առաջարկում է փոքրամասնությունների համար վրացերենի ուսուցման ծրագիր մշակել: Բայց մինչեւ նոր սերունդը կրթվի, փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն չպետք է լինի, ուստի խումբը կոչ է անում Վրաստանի կառավարությանը ընդունել այնպիսի օրենքներ, որոնք փոքրամասնություններին հնարավորություն կտան պաշտոնական գործավարության մեջ օգտագործել նաեւ մայրենի լեզուն:

Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, այս պահանջը բխում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոնվենցիայից:

Միջազգային ճգնաժամային խումբը կոչ է անում Վրաստանին հաստատուն քայլեր ձեռնարկել` կենտրոնական եւ տեղական կառավարման մարմիններում փոքրամասնությունների ներգրավվածությունն ապահովելու համար:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG