Մատչելիության հղումներ

Ըստ ֆրանսիացի սենատորի, Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չի մտնի Սենատ


Ֆրանսիացի սենատոր Բերնար Ֆուրնյեն ադրբեջանցի լրագրողներին հավաստիացրել է, թե Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը դեռեւս չի մտել Ֆրանսիայի Սենատ, եւ Սենատի ներկայիս ղեկավարության օրոք չի էլ ներկայացվելու վերին պալատի քննարկմանը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ֆրանսիացի սենատորը կարծիք է հայտնել, որ այդ օրինագիծը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի հետ Ֆրանսիայի հարաբերությունների վրա:

«Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ դարերով Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում, Ասիայում եւ աշխարհի այլ երկրներում եղել են ցեղասպանությունների դեպքեր», - հայտարարել է Ֆուրնյեն եւ հավելել. - «Եթե մենք ճանաչենք երկրներից մեկի իրականացրած ցեղասպանությունը, անհրաժեշտություն կառաջանա ճանաչել նաեւ մյուսները: Ուզում եմ ասել, որ ես դեմ եմ այդ օրինագծի ընդունմանը»:

Նա նաեւ դեմ է արտահայտվել Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության դադարեցմանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը խզելու Թուրքիայի որոշումը:

Հույս հայտնելով, որ Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ դարավոր կապերը հետագայում էլ կշարունակվեն, ֆրանսիացի սենատորը միաժամանակ ասել է. - «Սակայն եղել են որոշակի տարաձայնություններ, եւ այդպիսիք գոյություն ունեն, մասնավորապես, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության կապակցությամբ: Սակայն ես ենթադրում եմ, որ դա չի ազդի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա»:

Օրինագիծը, որով Հայոց ցեղասպանության ուրացման համար մինչեւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսվում, Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է հոկտեմբերի 12-ին: Օրենքի ուժ ստանալու համար այն պետք է արժանանա նաեւ Սենատի հավանությանը, ապա՝ ստորագրվի երկրի նախագահի կողմից:

Ֆրանսիայի Ազգային ժողովը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1998 թվականին, իսկ Սենատը` 2000 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG