Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» օրաթերթի փոխանցմամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնի ընթացքում Հայաստանում հավաքված ընդհանուր գումարը 35 մլն դրամ է, ինչը, ըստ թերթի, 8 միլիոն դրամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Հեռախոսամարաթոնի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները զանգահարել են հայաստանյան շուրջ 1300 խոշոր, մանր եւ միջին ձեռնարկություններ ու կազմակերպություններ՝ ստանալով նվիրատվություններ, ինչպես նաեւ նվիրատվության խոստումներ: «Այս տարվա ֆոնեթոնի առանձնահատկությունն այն է, որ խոստացված 35 մլն դրամի 29 միլիոնն արդեն փոխանցվել է հաշվեհամարներին», - գրում է թերթը: Նախնական տվյալներով՝ Արցախում անցկացվող դրամահավաքի արդյունքում հավաքվել է շուրջ 20 մլն դրամ: Դրամահավաքը շարունակվելու է մինչեւ շաբաթվա վերջը: Ֆրանսիայում անցկացված եվրոպական ֆոնեթոնի ընթացքում տրվել է 1 մլն 94 հազար եվրո ընդհանուր գումարի նվիրատվության խոստում՝ նախորդ տարվա 976 հազար եվրոյի դիմաց: Հավաքված ամբողջ գումարն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զարգացմանը:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը գրում է. - «Հայաստանի` առաջիկա տասնամյակի ստրատեգիական խնդիրներից մեկը արտերկիր հեռացած հայաստանցիներին վերադարձնելն է: Խոսքը ոչ միայն Հայաստանից հեռացածներին է վերաբերում, այլեւ նրանց, ովքեր երբեք չեն եղել, բայց ուզում են լինել հայաստանցի»: Այս ստրատեգիական խնդիրը լուծելու համար առաջին քայլը, ըստ թերթի, իշխանափոխությունն է, «ավելի ճիշտ` հեղափոխությունը, որի արդյունքում հհկաբարգավաճական թայֆաները կամ, ավելի ճիշտ, մտածողությունը, որ նրանք կրում են, կհեռացվի իշխող ասպարեզից»: «Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ժամանակավորապես բնակվող հայաստանցու համար ամենամեծ շոկը տեղի մաքսավորի, պետավտոտեսուչի, չինովնիկի հետ շփվելն է: Երկրորդ շոկը այն է, երբ այդ նույն մարդը տեսնում է, որ իրեն հոշոտելու պատրաստ մաքսավորը, պետավտոտեսուչը, չինովնիկը «մկան ծակին տասը շահի» է տալիս` մարմնի եւ գլխի որոշակի կառուցվածք ունեցող մարդ տեսնելիս. խոսքը սափրագլուխ-հաստագլուխների մասին է: Եվ այս իրականությունը կարոտած մարդուն կրկին զրկում է հայրենիքի զգացողությունից: Այս հայրենազրկման համակարգը այսօր առաջին հերթին հիմնված է ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի վրա», - պարզաբանում է խմբագրականի հեղինակը:

«Այլընտրանք» նախաձեռնության եւ Հայոց համազգային շարժման վարչության անդամ Սամվել Գեւորգյանը «Առավոտ»-ի հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունը պետք է բոյկոտի ընտրությունները: «Ընդդիմությունը փորձում է ընտրությունների խաղին խառնվել` ես շատ վտանգավոր եմ համարում: Սա նշանակում է օրինականացնել իշխանություններին», - հայտարարել է Գեւորգյանը: Պատասխանելով «Առավոտ»-ի հարցին` նախկին իշխանությունների ներկայացուցիչն ասել է նաեւ, որ ընտրություններին մասնակցելով` տապալվելու է ողջ ընդդիմությունը. - «Նրանց քվոտավորված տեղեր կտան ԱԺ-ում եւ կբավարարվեն»: Ինչ վերաբերում է աջ ուժերին, ապա, Սամվել Գեւորգյանի կարծիքով, նրանց էլ «խանգարում է առաջնորդամոլությունը»:

Արձանագրելով, որ դեպի Եվրամիություն շարժման ճանապարհին Թուրքիան բացահայտ շանտաժի քաղաքականություն է որդեգրել` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. - «Այն փաստը, որ Թուրքիայի իշխանությունների պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ փոխակերպվել է հակաեվրոպական արշավի, այլեւս հնարավոր չէ թաքցնել։ Թուրքիայի կողմից ներկայումս մի քանի ուղղություններով ձեռնարկվող հուսահատ քայլերը վկայում են, որ բանակի վրա հիմնված այդ ռազմաբյուրոկրատական պետությունը իրականում ո՛չ կարող է արդիականանալ, ո՛չ էլ իրականություն դարձնել Եվրոպային ուղղվող իր ներկա բացահայտ շանտաժը։ Թուրքիան իր ներսում ձեւավորված փակուղին անհաջող ձեւով փորձում է լուծել արտաքին քաղաքական զորաշարժերի միջոցով` է՛լ ավելի բարդացնելով այդ պետության արտաքին քաղաքական կացությունը»։

Պնդելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի կապ չպիտի ունենա Եվրոպա - Թուրքիա հարաբերությունների հետ` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «168 ժամ» պարբեականին տված հարցազրույցում պարզաբանել է. - «Պետք է խելքի գալ եւ դաս առնել պատմությունից։ Եթե Թուրքիան Եվրամիությանը չանդամակցի, մենք ենք տուժելու եւ Թուրքիան, ի վերջո, Արեւմուտք գնալու փոխարեն շուռ է գալու դեպի Արեւելք, ուժեղացնելու է իր արեւելյան քաղաքականությունը, եւ դրա հետ կապված այդ ճնշումը մենք մեր կաշվի վրա ենք զգալու։ Այդ օրը երկար սպասեցնել չի տա»։

«Քոչարյանին ու Սերժին առանձնացնելը վտանգավոր մոլորություն է» վերնագիր տակ «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանն այսօր գրել է. - «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անկասկած իրար հետ են։ Միասին պետական հեղաշրջում են իրականացրել, միասին կրիմինալ բուրգ են կառուցել, միասին ոչնչացրել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ինստիտուտները, միասին էլ պիտի շարունակեն այդ գործը։ Եվ կարելի է չկասկածել, որ նրանց միջեւ հատուկ պայմանավորվածություն կա՝ 2008-ին Սերժ Սարգսյանը «վերցնում է» նախագահի պաշտոնը, Ռոբերտ Քոչարյանը դառնում է վարչապետ, եւ երկյակը շարունակում է ղեկավարել երկիրը»։

Վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները` «Հայք» թերթը այսօր փոխանցել է, թե Գերմանիա կատարած այցի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եվրոպացիներին փորձել է համոզել, թե «Հայաստանի արեւմտամետ քաղաքականությունը կարող է շարունակվել միայն այն դեպքում, եթե 2008 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնի Վարդան Օսկանյանը, ինչին գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են, թե արեւմտամետ քաղաքականություն իրականում կարող է վարել միայն այն գործիչը, որը նախագահ կընտրվի արդար ընտրությունների միջոցով»: «Քոչարյանին նաեւ հասկացրել են, որ այս անգամ Արեւմուտքը առավել մեծ ուշադրությամբ է հետեւելու խորհրդարանի 2007 թվականի եւ նախագահի 2008 թվականի ընտրություններին», - եզրափակել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG